«Գալաթասարայը» թուրքական ֆուտբոլային գերակումբներից վերջինն է, որը ներգրավվել է երկրի պատմության մեջ խոշորագույն ֆուտբոլային սկանդալի մեջ: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Ստամբուլի ոստիկանությունը երեկ խուզարկել է «Գալաթասարայի» շտաբ-բնակարանը, ինչպես նաև ակումբի մարզադաշտը: Առայժմ «Գալաթասարայի» ոչ մի ներկայացուցիչ չի ձերբակալվել, սակայն, CNN Turk-ի փոխանցմամբ, օրերս կհարցաքննվեն ակումբի նախկին նախագահ Ադնան Փոլատը և տնօրենների խորհրդի անդամ Բյուլենթ Թուլունը: Երեկ վերջինիս բնակարանը նույնպես խուզարկության է ենթարկվել:
Ինչպես նշում է «Անադոլուն», «Գալաթասարային» կարող են մեղադրել ոչ թե նախորդ տարվա, այլ 2005-2006թթ. մրցաշրջանի համար: Իրավապահ մարմինները կասկածում են, որ այդ առաջնության վերջին տուրում «Գալաթասարայի» ներկայացուցիչները գումար են վճարել «Դենիզլիսպոր» թիմին, որը կարողացել է 1:1 հաշվով ավարտել իր հանդիպումը «Ֆեներբախչեի» հետ, ինչը հնարավորություն է տվել «Գալաթասարային» չեմպիոն հռչակվել:
«Գալաթասարայի» ներկայացուցիչները հերքում են մեղադրանքները:
Հիշեցնենք, որ ամառվա ընթացքում Թուրքիայում արդեն 80 մարդ է ձերբակալվել: Նրանց մեղադրում են 2010-2011թթ. մրցաշրջանում պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ: Թուրքիայի ոստիկանությունը կասկածում է, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում առնվազն 29 խաղի արդյունքներ նախապես պայմանավորված են եղել:
Գործով անցնում են Թուրքիայի երեք գերակումբների` «Ֆեներբախչեի», «Բեշիքթաշի» և «Տրաբզոնսպորի» ներկայացուցիչներ:
Մասնավորապես, ձերբակալված են «Ֆեներբախչեի» 5 ներկայացուցիչներ, այդ թվում` ակումբի նախագահ Ազիզ Յիլդիրիմը: