Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի բազմաթիվ հայտարարությունները, որոնք վերաբերում են ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը, և հատկապես ընդդիմության հասցեին հնչեցրած խոսքերը «քոռ կոպեկի արժեք չունեն»: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Հետայսու Գալուստ Սահակյանին կարող է արձագանքել միայն պարապ մարդը, քանի որ նա վերջնականապես ապացուցել է, որ իր ասածները ոչ իր, ոչ իր ընկերների և ոչ էլ հասարակության համար քոռ կոպեկի արժեք չունեն»,- ասել է Մուսինյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սահակյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը փորձում իմիտացիա ստեղծել, թե երկրում կա երկիշխանություն, այնպիսի առճակատման վիճակ է, կապիտուլիացիա է, որ իշխանությունները խոսում են ՀԱԿ-ի հետ:
«Այսօր, երևի թե, կարելի է թույլ տալ, որ ՀԱԿ-ն իր միտինգներում ավելի շատ գլուխ գովա, թե իբրև` «եկանք, տեսանք, հաղթեցինք»: Այս երկխոսության հետևանքն իրենք ընկալում են հետևյալ կերպ. սա հնարավորություն է տալիս իրենց միտինգներում զբաղվել մեծախոսությամբ, նորից հայհոյանքներ` Սարգսյանի, իշխանությունների հասցեին: Մենք պիտի հանդուրժենք այս պրոցեսները, որ ժողովուրդը ՀԱԿ-ին իր համար ընկալելի դարձնի»,- մասնավորապես, ասել էր Սահակյանը: