Երեկ Հայ Ազգային Կոնգրես է այցելել Երևանի ոստիկանության «Կենտրոն» բաժնի հետաքննիչ Մ. Ավետիսյանը և ցանկացել է բացատրություն վերցնել` կապված հուլիսի 27-ին «Նաիրիի» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմել էր Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանը, այդ օրը ՀԱԿ-ի երիտասարդների վրա էին հարձակվել քաղաքացիական և ոստիկանական հագուստով անձինք և առանց որևէ պահանջ ներկայացնելու սկսել էին հարվածել նրանց` հասցնելով մարմնական վնասվածքներ: Գևորգյանը եղել էր բռնության ենթարկվածներից մեկը:
Այսօր Արեգ Գևորգյանը Epress.am-ին հայտնել է, որ իրենք քննիչ Ավետիսյանին որևէ բացատրություն չեն ներկայացրել:
«Մենք հրաժարվեցինք բացատրություն տալ, քանի որ հուլիսի 28-ին մենք հանցագործության մասին հաղորդում ենք ուղարկել դատախազություն, ինչպես նաև ուղարկել ենք իմ պատռված վերնաշապիկը»,- ասել է Գևորգյանը:
Նրա խոսքով` իրենց այցելած հետաքննիչն ասել է, որ իրենք նյութեր են պատրաստել «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածի հիման վրա, սակայն Գևորգյանը կարծում է, որ այդ գործի օբյեկտիվությունն ապահովելու համար այս գործով պետք է զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը, այլ ոչ թե Կենտրոնի քննչականը:
«Մեզ վրա հարձակվել են հենց Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, այսինքն` իրենց գործընկերները, և այդ տեսանկյունից օբյեկտիվությունը չի կարող ապահովվել»,- հավելել է Գևորգյանը:
Նշենք նաև, որ երիտասարդներին այցելած հետաքննիչը նրանց դատաբժշկին այցելելու ուղեգիր է տվել:
Գևորգյանի խոսքով`դատաբժշկին այցելելու հետաձգումը ոստիկանության կողմից միտումնավոր էր արված, որպեսզի ծեծի հետքերն ավելի քիչ լինել: ՀԱԿ ակտիվիստը նշել է, որ իրենք, այնուամենայնիվ, ունեն բռնության հետքերի լուսանկարներ:
Ակտիվիստը նաև ասել է, որ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ իրենք տեսել և ճանաչել են իրենց վրա հարձակում գործած անձանցից մեկին, ով այդ պահին եղել է ոստիկանության ավագ լեյտենատի համազգեստով:
Երիտասարդները պարզել են նրա անունը` Գեղամ Բաղրամյան, և լուսանկարել նրան: