Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 10-ին լիտվական Կաունասում կայանալիք Լիտվա-Հայաստան ընկերական հանդիպմանը կխաղա առանց հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկու: Այս մասին երեկ Հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Վերջինիս խոսքով`Ռոման Բերեզովսկին օգոստոսի 9-ին պետք է խաղա «Խիմկիի» հիմնական կազմում Ռուսաստանի առաջնության առաջին լիգայում, այդ իսկ պատճառով հավաքականի վետերանին մարզիչն ընդառաջել է: Նշենք, որ «Խիմկիում» մարզչի փոփոխություն է տեղի ունեցել, և Ռոման Բերեզովսկին այժմ խնդիր ունի նոր մարզչի օրոք ամրապնդվել հիմնական կազմում և խաղային պրակտիկա ունենալ` սեպտեմբերին վերսկսվող ընտրական խաղերից առաջ:
Մինասյանը որոշում է կայացրել հավաքականի կազմում ընդգրկել երիտասարդական հավաքականի դարպասապահներին` Կարեն Իսրայելյանին և Արսեն Պետրոսյանին: Հավաքականի մարզչի կարծիքով` ընկերական խաղերում պետք է հնարավորություն տալ երիտասարդներին փորձ կուտակել:
Մինասյանը նաև նշել է, որ վնասվածքի պատճառով բացակայող պաշտպան Ռոբերտ Արզումանյանի փոխարեն թիմ է հրավիրվել երիտասարդական հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ` Վարազդատ Հարոյանը:
Հաղորդման ընթացքում Հայաստանի հավաքականի մարզիչը չհրապարակեց թիմի կազմն ամբողջությամբ: Դա, հավանաբար, կարվի այսօր` Հայաստանի առաջնության հերթական տուրի 3 հանդիպումներից հետո:
Նշենք նաև, որ Լիտվա-Հայաստան խաղն ուղիղ եթերով հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսությամբ: Հանդիպման սկիզբը` 21:00-ին: