Ադրբեջանի մի շարք իրավապաշտպաններ դիմել են «Եվրատեսիլ-2012»-ի կազմկոմիտեի նախագահ Մեհրիբան Ալիևային` կոչ անելով նրան լուծել մի շարք քաղաքական խնդիրներ:
Դիմում-կոչի հեղինակները բարձրացնում են քաղբանտարկյալների, խոսքի և հավաքների ազատության, սեփականության իրավունքի, Հանրային հեռուստատեսության գործունեության հետ կապված մի շարք հարցեր:
Իրավապաշտպանները նշում են, որ վերոնշյալ հարցերի լուծումը երգի մրցույթից առաջ դրական կազդի երկրի հեղինակության վրա, և պատրաստակամություն են հայտնում համագործակցել «Եվրատեսիլ 2012»-ի կազմկոմիտեի հետ:
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի վերջին Ադրբեջանում «Ազատ երաժշտությունն անազատ երկրո՞ւմ» անունը կրող արշավ էր մեկնարկել, որի նպատակն է երգի մրցույթից առաջ բարձրացնել մարդու իրավունքների հետ կապված Ադրբեջանում առկա խնդիրները:
Արշավի նախաձեռնողներն իրենց կոչը տարածել էին սոցիալական ցանցերի միջոցով:
Իրավապաշտպան Անար Մամադլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ առկա է միանգամից չորս խնդիր, որոնց վրա իրենք ցանկանում են կենտրոնացնել եվրոպացիների ուշադրությունը:
«Նախևառաջ` մենք ցանկանում ենք, որ բանտերից ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Երկրորդ մեր պահանջն ուղղված է Հանրային հեռուստատեսությանը, որը պետք է ներկայացնի երկրում առկա կարծիքների բազմազանությունը: Մեր երրորդ պահանջը վերաբերում է սեփականության իրավունքի պարբերաբար արձանագրվող խախտումներին: Եվ, վերջապես, մենք պահանջում ենք, որ դյուրացվի Ադրբեջանում գործող վիզային ռեժիմը. մեր երկիր ժամանող բազմաթիվ օտարերկրացիներ բախվում են այս խնդրին», – նշել էր իրավապաշտպանը:
Մեկ այլ հեղինակավոր ադրբեջանցի իրավապաշտպան` Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի կարծիքով` ազատ երգերի մրցույթ հռչակված «Եվրատեսիլ»-ի անցկացումը մի պետությունում, որտեղ մինչ օրս քաղբանտարկյալներ կան, պարզապես անհնարին է:
«Եվրատեսիլը» զուտ մշակութային իրադարձություն չէ, սա նաև սոցիալ-քաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնություն է», – Յունուսի խոսքերն է փոխանցում «Ազատություն» ռադիոկայանը:
Ադրբեջանցի իրավապաշտպանները նաև նշում են, որ երկրի հանրային հեռուստատեսությունը, որը Հեռարձակողների եվրոպական միության անդամ է, չի կատարում այդ կազմակերպության առջև ստանձնած իր գլխավոր պարտավորություններից մեկը` եթերում բազմակարծության ապահովումը: