Երևանի քաղաքապետարանը պատրաստ է շարունակել Երևանի Կենտրոն վարչական շրջանում կամ Կենտրոն մտնող այլ կենտրոնական փողոցներում գործող այն կրպակների ապամոնտաժումը, որոնց հողի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացել է: Այս մասին ասված է քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության մեջ:
«Վարձակալության ժամկետները չլրացած կրպակների, վարձակալության պայմանագրերի առկայության դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ», – նշում է Երևանի քաղաքապետարանը` հավելելով, սակայն, որ գործող պայմանագրերի ժամկետները հետագայում չեն երկարձգվելու:
Մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ Երևան քաղաքում նոր կրպակների կամ տաղավարների համար հողատարածքներ չեն տրամադրվելու, բացառությամբ մամուլի կրպակների:
Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանի աշխատակիցները Երևանի տարբեր հատվածներում փորձում են ապամոնտաժել փոքր կրպակները, որոնք զբաղվում են ինչպես մթերքի վաճառքով, այնպես էլ, օրինակ, սուրճ աղալով, գունավոր մետաղների ընդունմամբ և այլն:
Քաղաքապետարանի այս որոշումը լուրջ հակազդեցության է արժանացել կրպակատերերի կողմից, ովքեր երեկ բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքապետարանի շենքի մոտ: Բողոքավորներին աջակիցելու համար Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը և Արմեն Մարտիրոսյանը: Ինչպես հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Սաֆարյանը, քաղաքապետի հետ պայմանավորվածություն է եղել, որ կրապակատերերի ներկայացուցիչները խումբ կձևավորեն, որը խնդիրների շուրջ քննարկումներ կսկսի քաղաքապետարանի աշխատակիցների հետ:
Նշենք, որ բողոքի ակցիայի ժամանակ կրպակատերերն ասում էին, որ իրենց սեփականության իրավունքը դեռևս չի լրացել, սակայն կրապկները միևնույն է ցանկանում են ապամոնտաժել: