Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը քիչ առաջ ժամանել է լիտվական Կաունաս, որտեղ վաղը Երևանի ժամանակով 21:00-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լիտվայի ընտրանու հետ: Հայաստանցիներն այսօր երեկոյան նախախաղային մարզում կանցկացնեն Կաունասի «Ստեպոնաս Դարիուս և Ստասիս Գիրենաս» ստադիոնում, որը տեղավորում է 9180 հանդիսական և որտեղ վաղը կկայանա հանդիպումը:
Հայաստանի հավաքականի կազմ հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում է Ամստերդամի «Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որը մեջքի վնասվածքի պատճառով բաց թողեց կիրակի կայացած Հոլանդիայի առաջնության առաջին տուրի հանդիպումը «Դե Գրաաֆշապի» հետ: Օզբիլիսը չի խաղալու 1-2 շաբաթ և առայժմ նրա մեկնարկը Հայաստանի ընտրանում հետաձգվում է: Հիշեցնենք, որ Օզբիլիսը հրավեր ունի նաև Հոլանդիայի երիտասարդական հավաքականից, սակայն մինչ Լիտվա-Հայաստան խաղը նա հաստատել էր, որ ժամանելու է Հայաստանի հավաքական:
Մեկ այլ ֆուտբոլիստ, որն առաջին անգամ է հրավիրվել մեր ընտրանի` ռուսաստանյան «Շիննիկի» հարձակվող Արթուր Սարկիսովը, մեկնել է Լիտվա և գտնվում է հավաքականի մարզիչների տրամադրության տակ:
Հայաստանի հավաքականի Լիտվայի հետ իր պատմության ընթացքում հանդիպել է մեկ անգամ: 2000 թվականի հունիսի 3-ին մեր ընտրանին 2:1 հաշվով հաղթել է լիտվացիներին մրցակցի հարկի տակ:
Նշենք, որ Լիտվա-Հայաստան հանդիպումը ցուցադրվելու է Հանրային հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակմամբ: