Այսօր առավոտյան Երևանի Արաբկիր համայնքի թաղապետարանի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ ժամանել են Փափազյան փողոց` այնտեղ գտնվող կրպակներն ապամոնտաժելու մտադրությամբ:
Ինչպես հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը, կրապկների տերերը փորձում են կասեցնել ապամոնտաժման գործընթացը, կողմերի միջև սկսվել են բախումներ:
«Բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին խնդրում ենք գալ Արաբկիր համայնքի Փափազյան փողոց, որտեղ կրապակների ապամոնտաժման նպատակով հրահրվել են բախումներ», – ասված է «Ժառանգության» տարածած կոչում:
Նշենք, որ Փափազյան փողոցի կրպակատերերը դեռևս նախորդ շաբաթ դիմում էին գրել Երևանի քաղաքապետարանը` բողոքելով ապամոնտաժման դեմ և պահանջելով չեղյալ համարել այդ որոշումը:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել էին, որ իրենց սեփականության իրավունքն ավարտվում է տարվա վերջին: Արաբկիրի փաղապետարանի աշխատակիցների խոսքով` Փափազյան փողոցի ընդամենը 4 կրպակներ սեփականության իրավունք ունեն:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ շարունակելու է Երևանի տարբեր հատվածներում գտնվող կրպակների ապամոնտաժման գործընթացը, իսկ նոր հողատարածքներ տրամադրվելու են միայն մամուլի կրապակներին: