Երևանում կրպակների ապամոնտաժման և փոքր բիզնեսի ոչնչացմանը ուղղված իշխանությունների գործողությունների առնչությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սթափության կոչ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին:
Նամակի հեղինակները նշում են, որ կրպակատերերը տարիներ շարունակ ա բարեխիղճ վճարել են հարկեր և տուրքեր և այդ գործունեության հաշվին պահել են ոչ միայն իրենց, այլև այլոց ընտանքիները:
«Նրանցից շատերը շարունակում են զինվորներ տալ հայոց բանակին ու պաշտպանությանը: Մինչդեռ այսօր պետության կողմից պաշտպանված լինելու փոխարեն նրանք հայտնվել են կատարյալ անպաշտպան վիճակում, և նրանց աշխատանքից զրկելու որոշում կայացնողը քաղաքապետն է, ով ի պաշտոնե պարտավոր է լինել քաղաքում սոցիալական ապահովության երաշխավորը: Համատարած գործազրկության և դրա հետևանքով չդադարող զանգվածային արտագաղթի առկայության պայամաններում փոքր բիզնեսի խավը ներկայացնող կրպակատերերին ապրուստի միջոցից զրկելու ձեր քայլերին այլ որակում, քան պետական շահերի դավաճանություն, դժվար է տալ, և հետևաբար մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել այդ գործողությունները», – ասված է «Ժառանգության» կոչում:
Ինչ վերաբերում է քաղաքի գեղագիտությանը, ապա նամակի հեղինակները հիշեցնում են, որ «Ժառանգությունն» է, որ բողոքող բնակիչների հետ շարունակ պայքարում է քաղաքապետի դեմ հենց այդ գեղագիտության պահպանման և քաղաքը շնչահեղձ անող և այլանդակող կառույցների շինարարությունը դադարեցնելու համար:
«Եթե դուք մտածում եք քաղաքի տեսքի և բնապահպանության մասին, ապա սկսեք ապամոնտաժումը ձեր և ձեր շրջապատին պատկանող կառույցներից. Դրանք են. ռեստորաններ և տարբեր համալիրներ Հրազդանի կիրճում, Օպերայի այգում, Օղակաձև և մյուս զբոսայգիներում, հսկայական խանութներ` ուղղակիորեն կառուցված մայթերի վրա,, բարձրահարկ շինություններ բնակելի շենքերի բակերում և այլն: Այդ հանցագործ շինարարությունը այսօր ոչ միայն շարունակվում է այլև նոր թափ է առնում նոր նախագծերով:
Դուք ընտրված եք ոչ թե տարածք կառավարելու, այլ մարդկանց ու հասարակությանը ծառայելու, նրանց խնդիրներին ականջալուր լինելու ու դրանք լուծելու համար: Յուրաքանչյուր այսպիսի քայլ մի նոր պատուհան է բացում երկրից արտագաղթողների նոր խմբերի համար: Եթե մայրաքաղաքի բարեկարգման համար այսօր այսպիսի մեծ գին պետք է վճարենք, ապա այդպիսի բարեկարգումը ոչ մեկին պետք չէ: Արդարությունը և պարկեշտությունը պահանջում է, որպեսզի քաղաքի բարեկարգումը դուք սկսեք քաղաքը ազատելով ձեր և ձեր շրջապատին պատկանող օբյեկտներից և ոչ թե այն խավից, ով ձեր պաշտպանության կարիքն ունի և բոլորովին պատասխանատու չէ երկրում կառավարման ձախողման եւ համատարած գործազրկության համար: Դիմում ենք ձեզ սթափության կոչով` ակնկալելով ողջամտություն, որպեսզի էլ ավելի չխորացնեք սոցիալական լարվածությունը, առկա անջրպետը հասարակության ու իշխանությունների միջև` վտանգելով մեր պետականության հիմքերը», – ասված է «Ժառանգության» կոչում: