Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներն արդեն երեք-չորս ամիս է` «ոստիկանաորսի» են դուրս եկել: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` խոսելով օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների ձերբակալության մասին:
Ոստիկանապետի խոսքով` վերջին շրջանում ակտիվիստներն անընդհատ վեճեր են հրահրում ոստիկանների հետ:
Ալիկ Սարգսյանն ասել է, որ ինքը զրուցել է միջադեպի մասնակից բոլոր ոստիկանների հետ, ովքեր ներկայացրել են տեղի ունեցածի իրենց վարկածը: Նրանց խոսքով` Կարապի լճի մոտ ոստիկանները նկատել են, որ մի քաղաքացի առանց դնչկալի զբոսնելու է հանել իր շանը, իսկ իրավապահները զգուշացրել են, որ շանը դնչկալ հագցնի:
Այդ պահին նրանց մոտեցել են երկու երիտասարդներ, որոնցից մեկը եղել է Տիգրան Առաքելյանը: Նրանք ոստիկաններին հարցրել են, թե ինչու են վերջիններս անհանգստացնում քաղաքացուն, որից հետո վեճ է սկսվել: Վեճի ընթացքում ոստիկաններին ակտիվիստների մեկ այլ խումբ է մոտեցել:
Հիշեցնենք, որ միջադեպի մասնակից ակտիվիստներից Արեգ Գևորգյանը երեկ նշել էր, որ երկրորդ խումբը, մոտենալով դեպքի վայր, տեսել է, թե ինչպես են ոստիկանները ծեծի ենթարկում Տիգրան Առաքելյանին:
Ոստիկանապետը նշել է, որ միջադեպը տևել է մոտ 20 րոպե, որից հետո երիտասրդներին բերման են ենթարկել:
Ալիկ Սարգսյանն ասուլիսի ընթացքում պնդել է, որ իր աշխատակիցները չեն ծեծել երիտասրդներին, այլ հակառակը` Կոնգրեսի ակտիվիստներն են ծեծել ոստիկաններին:
Ալիկ Սարգսյանի խոսքով` իրենք ունեն տեսնայութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են ոստիկանության բաժնում ակտիվիստները խանգարում ոստիկանության աշխատակիցներին և հայհոյում նրանց:
Ու թեև ոստիկանապետը Կոնգրեսի երիտասարդներին չի համարում հանցագործ, բայց կարծում է, որ «եթե այսպես շարունակվի, նրանք կդառնան հանցագործ»:
Նշենք նաև, որ Ալիկ Սարգսյանն ասուլիսի ընթացքում վիրավորվել է, երբ լրագրողները նշել են, որ, այնուամենայնիվ, երիտասարդները պնդում են, որ ոստիկանները նրանց ծեծի են ենթարկել:
Սարգսյանը ևս մեկ անգամ ասել է, որ երիտասարդներին չեն ծեծել, այլ, հնարավոր է, բերման ենթարկվելիս, նրանք քերծվածքներ ստացած լինեն:
«Ով չի հավատում, դա իր պրոբլեմն է», – ասել է Ալիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Facebook սոցիալական ցանցում Գուրգեն Վիրաբյան օգտատերը տեսանյութ էր տեղադրել, որտեղ ձերբակալված երիտասարդները ցուցադրում են իրենց բազմաթիվ վնասվածքները:
Նա նշել է նաև, որ երեկ ինքը հանդիպել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի հետ, ովքեր ընդդիմություն-իշխանություն երկխոսության ընթացքում գլխավորում են երկու կողմերի պատվիրակությունները:
Ոստիկանապետի խոսքով` «կիրթ և քաղաքավարի» զրույցի ընթացքում նա Զուրաբյանին և Հարությունյանին ներկայցրել է իր ունեցած նյութերը:
Սարգսյանն ասել է, որ պատվիրակությունների ղեկավարները «տեսան և հասկացան»: