Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Երևան քաղաքում կրպակների հետ կապված իրավիճակին, մասնավորապես, քաղաքապետի այն որոշմանը, որ անհրաժեշտ է ապամոնտաժել անօրինական կրպակները։
Տիգրան Սարգսյանը պարզաբանումներ է խնդրել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանից, ով հետևյալ կերպ է ներկայացրել իրավիճակը.
«Մենք գույքագրել ենք և պարզել, որ Երևան քաղաքում ունենք 3395 կրպակ, որից 1180-ը չաշխատող, լքյալ կրպակներ են։ Դրանցից 912-ն արդեն այս տարվա մեջ ապամոնտաժված են։ Ապամոնտաժման է ենթակա, կրկնում եմ, չաշխատող, լքյալ 266 կրպակ, և դա շատ արագ անելու ենք։ Մենք որոշում ենք կայացրել և գույքագրել ենք, թե կենտրոնական փողոցներում գոյություն ունեցող կրպակներից քանիսն են օրինական և քանիսը` ոչ։ Եվ այս պահին գույքագրում և ապամոնտաժման ենք ենթարկում այդ կրպակներից նրանք, որոնք թե՛ արտաքին տեսքով, թե՛ հետիոտնին, թե՛ հաղորդակցության առումով խանգարում են քաղաքի բնականոն աշխատանքը։ Այսինքն` այն կրպակները, որոնք օրինական են, որևէ մեկը չի ապամոնտաժում, նաև այն կրպակները, որոնք օրինական չեն, բայց այս պահին մեծ խնդիր չեն դնում մեր առջև և աշխատող են, մենք այդ մարդկանց նույնպես որևէ ձևով նեղություն չենք տալիս։ Ինչ վերաբերում է կենտրոնական փողոցների կրպակներին և սոցիալական խնդրին, ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ կենտրոնական փողոցներում կրպակատերերի մեջ խեղճ մարդիկ կան, և որևիցե պարտավորություն քաղաքապետարանն նրանց առջև չունի։ Կար ժամկետ, և նրանք այդ ժամկետի մեջ պետք է տեղավորվեին։ Մենք այլընտրանք կամ փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունենք։ Ինչ վերաբերում է այնտեղ աշխատող և սոցիալապես անապահով մարդկանց, հստակ հանձնարարական է տրվել վարչական շրջանների ղեկավարներին, որ յուրաքանչյուրի հետ անհատապես աշխատեն։ Այս պահին նույնպես այդ անհատական աշխատանքը կատարվում է` կամ աշխատատեղ տրամադրելով իր առևտուրն անելու համար, կամ ֆինանսական փոխհատուցում վճարելով։ Սա է իրավիճակը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Փափազյան փողոցի հետ կապված խնդրին, տեղեկացնեմ, որ այնտեղ կա 14 կրպակ, 5-ը` օրինական, 9-ը` ոչ։ 9-ից 2-ը կամավոր արդեն ապամոնտաժվել են։ Պայմանավորվել ենք այդտեղ աշխատողների հետ, որ շաբաթ օրը վարչական շրջանի ղեկավարը յուրաքանչյուրի հետ շրջելու է տարածքում և լուծելու է այդ խնդիրը»:
Վարչապետն ամփոփել է Կարեն Կարապետյանի խոսքերը` նշելով, որ «մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրում ենք քաղաքապետի հայտարարության վրա, որ ապամոնտաժումը մասսայական բնույթ չի կրելու, և բոլոր կրպակների պարագայում անհատական մոտեցում է դրսևորվելու»։
«Սա չափազանց կարևոր հայտարարություն է, քանի որ նամակներում, որ այսօր մեր քաղաքացիներն ուղղում են կառավարություն, նշվում է, որ նրանցից շատերն ունեն ստացած վարկեր, նրանցից մի քանիսը, լսելով վարչական շրջանի ղեկավարների հորդորները, վերանորոգել են իրենց կրպակները, ներկել են, ծախսեր են արել, և այսօր եթե դրանք ապամոնտաժվեն, ապա կհայտնվեն ֆինանսական ծանր վիճակում։ Հիմա մենք մեր քաղաքացիներին հանգստացնում ենք քաղաքապետի կողմից տրված տեղեկատվությամբ, և բոլոր այն կրպակատերերը, որոնք ունեն մտահոգություն կամ անհանգստություն, պետք է դիմեն վարչական շրջանների ղեկավարներին, որոնց քաղաքապետը հստակ հանձնարարություններ է տվել` աշխատել բոլոր կրպակատերերի հետ», – ասել է Տիգրան Սարգսյանը: