Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ամփոփվել են հուլիս ամսին մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների վերլուծության արդյունքներն ու գնահատականները:
Հատուկ ուշադրություն հրավիրելով ֆինանսական մուտքերի վրա` քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք իրականացնել հավաքագրման ցուցանիշներն ապահովելու մասով. «Ապառք ունեցող բոլոր տնտեսվարողները պարտավոր են կատարել վճարումները, այլապես հարցը կլուծվի դատական կարգով»,- ասել է քաղաքապետը:
Անդրադառնալով կրպակների ապամոնտաժման խնդրին` Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչև սեպտեմբեր ավարտել մայրաքաղաքի կենտրոնական և մյուս հատվածներում առկա ապօրինի և չգործող 266 կրպակների ապամոնտաժումը. «Այդ կրպակներում աշխատող սոցիալապես անապահով մարդկանց անպայման պետք է այլընտրանքային աշխատանք առաջարկվի և գտնվեն համապատասխան լուծումներ»,- ասել է Կարապետյանը:
Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան բոլոր վարչություններին հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը, հավուր պատշաճի դիմավորելու նպատակով.
«Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները պետք է մեր հատուկ և մշտական ուշադրության կենտրոնում լինեն»,- շեշտել է քաղաքապետը` հանձնարարելով գրենական պիտույքներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել այդ երեխաներին: Հանձնարարվել է նաև լուրջ ուշադրություն դարձնել դպրոցների բակային և հարակից տարածքների բարեկարգմանն ու խնամքին. «Դրանք պետք է խնամված ու բարեկարգ լինեն ինչպես ուսումնական տարվա առաջին, այնպես էլ տարվա մյուս բոլոր օրերին»,- նշել է Կարապետյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: