System of Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ով գտնվում է Հայաստանում, իր կայքում (http://www.serjtankian.com) կարճ գրել է Հայաստան այցելության ընթացքում ստացած տպավորությունների մասին:
Թանկյանի խոսքով` նորաբաց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելությունից հետո նա ցնցված է եղել:
Երաժիշտը նշում է, որ կենտրոնը հիմնել է Դալլասում ծնված հայազգի Սեմ Սիմոնյանը, ով Թանկյանի հետ շրջայց է կատարել շենքում:
«Google-ը կնախանձեր դիզայնին և կառուցվածքին, ես տպավորված եմ», – գրում է Սերժ Թանկյանը:
Նա նշում է նաև, որ Հայաստան կատարած իր այցելության ընթացքում նա եղել է Լոռվա մարզում և նույնպես տպավորված է եղել անտառների և գետերի գեղեցկությամբ:
«Թեղուտի անտառներն այս տարածաշրջանում են և նրանք ամբողջովին կամայանան հանքարդյունաբերության հետևանքով, եթե այն չկանգնեցվի», – գրում է Թանկյանը:
Նա առաջարկում է Թեղուտի անտառների խնդրին ծանոթանալ` այցելելով «Հեծանիվ+» հասարակական կազմակերպության կայք(http://www.bikeplus.nor.am/?page=teghut&In=en&ln=en):
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հայաստանցի բնապահպանները հեծանվաարշավ էին կազմակերպել դեպի օդանավակայան` Սերժ Թանկյանին դիմավորելու և բնապահպանական խնդիրները ներկայացնելու համար:
Ռոք երաժշտին բնապահպաններն անվանել էին էկոհերոս, քանի որ վերջին իր արվեստում հաճախ է անդրադառնում բնապահպանական խնդիրներին: