Home / Հայաստան / «Անհեթեթ որոշում». Քասախի բնակիչները բողոքում են Երևանի քաղաքապետարանի դեմ

«Անհեթեթ որոշում». Քասախի բնակիչները բողոքում են Երևանի քաղաքապետարանի դեմ

Քասախ-Երևան մերձքաղաքային երթուղին դադարեցրել է աշխատանքը քաղաքապետարանի որոշման պատճառով: 273ա երթուղայինը Քասախ ավանից Աջափնյակով, Կիևյան փողոցով, Բաղրամյան, Մաշտոցի և Տիգրան Մեծ պողոտաներով հասնում էր մինչև երկաթուղային կայարան: Այժմ, քաղաքապետարանի որոշման համաձայն, երթուղայինը չպետք է մտնի քաղաքի կենտրոնական փողոցներ և պետք է շարժվի մինչև Կիլիկիա թաղամասի հարակից տարածքում գտնվող գլխավոր ավտոկայան: Երթուղայինի վարորդները, սակայն, հրաժարվում են փոխել երթուղին:

«Անհեթեթ որոշում ա: Քասախը քաղաքից ավելի մոտիկ ա, քան էդ նոր կայանատեղին: Հիմա ո՞վ պիտի նստի, գնա էնտեղ, որ հետո էլ նորից տրանսպորտ փոխի», – Epress.am-ի հետ զրույցում երեկ ասել է երթուղայինի վարորդներից մեկը:

Մեր զրուցակցի խոսքով` նախկինում մարդիկ օգտվում էին երթուղայինից, որովհետև այն հնարավորություն էր տալիս հասնել Երևանի կենտրոնական հատված:

«Շատ հարմար էր, որովհետև մարդիկ առանց տրանսպորտ փոխելու հասնում էին իրանց գործի տեղը, իսկ ուսանողներն էլ` միանգամից հասնում էին համալսարան: Հիմա ոչ մեկ չի նստում: Մի կողմից` անհարմարություն են պատճառում մարդկանց, մյուս կողմից` մենք էլ հո վնասով չե՞նք աշխատելու: Արդեն մի շաբաթ ա` ուղևոր չունենք», – ասել է վարորդը:

Մեր հարցին, թե արդյոք հենց վարորդներն են հրաժարվում իրականացնել նոր երթուղին, թե դա նաև երթուղային գծի սեփականատիրոջ որոշումն է, վարորդը պատասխանեց. «Գծի տերն էլ հո ինքն իրա թշնամին չի՞: Վնասով հո չի՞ աշխատելու»:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը. Քասախի կանգառում հավաքված տասնյակ մարդիկ ևս իրենց բողոքն էին արտահայտում քաղաքապետի որոշման դեմ:

«Ես տանը երկու ուսանող ունեմ: Առաջ հանգիստ ստեղից նստում էին, գնում ուղիղ ինստիտուտ: Հիմա քիչ ա տրանսպորտ պիտի փոխեն, մի հատ էլ ավել 100 դրամ պիտի տան, որ հասնեն», – ասել է բողոքողներից տիկին Ռիտան:

Հավաքվածները նշում էին, որ որոշումն անհեթեթ է այնքանով, որ Քասախը գտնվում է Երևանից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա, և իրենք չեն պատրաստվում հասնել Կիլիկիա` այնուհետև տրանսպորտ փոխելու համար:

Քասախի բնակիչները մեզ տեղեկացրել են, որ պատրաստվում են բողոքել Երևանի քաղաքապետի որոշման դեմ.

«Գնալու ենք քաղաքապետարան, կառավարություն, չգիտեմ, ուր որ պետք ա` կգնանք: Մինչև որ չհասկանան, որ մարդկանց գլխին սենց բաներ չի կարելի անել»:

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսին Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել փոխել մերձքաղաքային երթուղիների կայանատեղիները: Ըստ քաղաքապետարանի` նման քայլը կոչված է տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու մայրաքաղաքի կենտրոնը: