Էստոնիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հատուկ ջոկատայինները չէին պատրաստվում սպանել օգոստոսի 11-ին երկրի պաշտպանության նախարարության վրա հարձակում գործած Կարեն Դրամբյանին` փորձելով խուսափել նրան մահացու վնասվածքներ հասցնելուց: Միևնույն ժամանակ, Էստոնիայի ՊՆ մամուլի խոսնակի խոսքով, զենքի օգտագործումը նման իրավիճակներում լիովին արդարացված է:
«Այն մարդը, ով չի ենթարկվում ոստիկանության կարգադրություններին և իր մոտ զենք ունի, որն արդեն օգտագործել է մարդկանց դեմ, անկասկած, գերվտանգավոր է համարվում: Նրա վնասազերծման հիմնական նպատակը այլոց, այդ թվում` ոստիկանության աշխատակիցների անվտանգության ապահովումն է», – BNS գործակալությանն ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ փոխհրաձգությունից հետո բժիշկները փորձել են օգնել Դրամբյանին, սակայն դա չի հաջողվել: Այժմ փորձաքննությունը կպարզի` արդյոք հարձակում գործած անձը ոգելից խմիչքների ազդեցության տակ է եղել, և քանի գնդակ է արձակվել նրա ուղղությամբ:
Նշենք, որ Էստոնիայի պաշտպանության նախարար Մարտ Լաարը հայտարարել է, որ Դրամբյանի հարձակման գործում իր մեղքի բաժինն ուներ պաշտոնական Մոսկվան:
«Դժվար է ասել` ինչ դրդապատճառներ ուներ այդ մարդը: Դիտարկվող տարբերակներից մեկն է` արդյոք նրա վրա չի ազդել վերջին շաբաթվա մեջ ընթացող քարոզչությունը, որն ուղղված էր Էստոնիայի դեմ», – Washington Times-ին տված հարցազրույցում ասել է Մարտ Լաարը: