Home / Հայաստան / Նամակ ՀՀ նախագահին. կրպակատերերը բողոքում են Բաղրամյան 26-ի դիմաց (թարմացված)

Նամակ ՀՀ նախագահին. կրպակատերերը բողոքում են Բաղրամյան 26-ի դիմաց (թարմացված)

Երևանի քաղաքապետարանի` կրապակների ապամոնտաժման մասին որոշման դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ այս պահին կանգնած են Բաղրամյան պողոտայի վրա` ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այստեղ են հավաքվել և այն կրպակատերերը, ում կրպակներն արդեն հասցրել են ապամոնտաժել (օրինակ, Փափազյան փողոցի կրապակատերերը), և նրանք, ում այդ ճակատագիրը դեռ սպառնում է (Մաշտոցի պողոտայի, Աբովյան և Կիևյան փողոցի կրապակատերերը):

Կրպակների սեփականատերերին միացել են նաև Աբովյան փողոցի վրա` Երիտասարդական մետրոյի հարևանությամբ գտնվող գետնանցումում առևտուր իրականացնող մարդիկ: Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկը նշել է, որ մի քանի օր առաջ մի քանի անկախ փորձագետներ եկել և գնահատել են անցումի տարածքը` նշելով, որ դա անում են քաղաքապետարանի պատվերով, և հնարավոր է, որ այդ տարածքը աճուրդով վաճառվելու է:

Բողոքող քաղաքացիների 5 ներկայացուցիչներ իրենց աջակցող ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ մտել են ՀՀ նախագահի նստավայր, որտեղ ՀՀ նախագահին ուղղված իրենց նամակն են հանձնել:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է Ստյոպա Սաֆարյանը, քիչ անց իրենք հանդիպելու են ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հետ` խնդրի շուրջ զրուցելու համար: