Home / Հայաստան / Քաղաքապետը նախապատվությունը տալիս է միջին և մեծ տեղատարողության ավտոբուսներին

Քաղաքապետը նախապատվությունը տալիս է միջին և մեծ տեղատարողության ավտոբուսներին

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շպակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ուկրաինական արտադրության միջին տեղատարողության ավտոբուսների Երևան ներկրման հնարավորությունները:

Ներկայացնելով մայրաքաղաքի տրանսպորտային քաղաքականությունը` Երևանի քաղաքապետը նշել է, որ այժմ մշակվում է տրանսպորտային նոր հայեցակարգ, համաձայն որի ոլորտում առաջնությունը տրվելու է միջին և մեծ տեղատարողության ավտոբուսներին: Այս առումով Կարեն Կարապետյանը  հատկանշել է, որ նաև չինական արտադրության ավտոբուսների ներկրման պայմանավորվածություն է ձեռք բերվել և Երևանի քաղաքապետարանը ուկրաինական ընկերության հետ ևս պատրաստ է փոխշահավետ գործըներություն քննարկել:

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Շպակը, վկայակոչելով  նախորդ տարիների աշխատանքային համագործակցությունը հայաստանյան շուկայի հետ, նշել է, որ ուկրաինական ավտոբուսները շուկայում մրցունակ են, մեծ պահանջարկ ունեն, և իրենց ընկերությունը պատրաստ  է ապահովել Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված  չափորոշիչները և քննարկել պայմանները:

Կողմերը  նախնական պայմանավորվել են ավտոբուսների  ձեռք բերումն իրականացնել ֆինանսական ինստիտուտների միջոցով ` երկարաժամկետ ու ճկուն մարման գրաֆիկով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: