Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը «Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման և պատճառված վնասի հատուցման պահանջների մասին» հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի: Այս մասին հաղորդում է «Ասպարեզը»:
Արման Ավետիսյանը հայցը ներկայացրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան օգոստոսի 4-ին, դատարանը որոշել է գործն ընդունել վարույթ: Հայցվորը երեք պահանջ է առաջ քաշել. պարտավորեցնել Լեւոն Բարսեղյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Արման Ավետիսյանից, www.asparez.am կայքում հրապարակել դատարանի վճիռը` նշումով «ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է ԺԱԱ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանին ներողություն խնդրել «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա.Ավետիսյանից զրպարտության և վիրավորանքի համար:…», և հօգուտ Ա.Ավետիսյանի Լ.Բարսեղյանից բռնագանձել 2 մլն դրամ (500.000 դրամը` վիրավորանքի և 1.500.000 դրամը` զրպարտության համար), բացի այդ պահանջում է փոխհատուցել հայցվորի իրավունքների պաշտպանության համար արված ծախսը` 200.000 դրամ («Բեկկարիա» ՍՊԸ, Անի Խլղաթյան):
Հայցում Ա.Ավետիսյանի ներկայացուցիչը մեջբերել է www.asparez.am կայքում 2011 թվի հունիսին հրապարակված մի քանի հոդվածներ («Կան բաներ, որ չեն ներվում», «Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով», ««Ընտանեկան կապալի՞ն» էին հարվածելու»), որոնցում տեղ գտած մի քանի մտքերը համարում է վիրավորական և զրպարտչական` Արման Ավետիսյանի հասցեին:
«Ասպարեզը» նշում է, որ ավելի վաղ` այդ հոդվածների հրապարակելուց հետո` 2011 թվի հունիսի 23-ին Ա.Ավետիսյանը դիմել էր կայքի խմբագիր Լեւոն Բարսեղյանին, գրավոր ներկայացնելով իր նկատառումները նույն հոդվածների նույն դրվագների մասին, նամակը հունիսի 27-ին ստանալով, Լ.Բարսեղյանը զանգել էր Ա.Ավետիսյանին և տեղեկացրել, որ կայքը պատրաստ է հրապարակել այն ամենը, ինչ Ա.Ավետիսյանը կկամենա` հերքման կամ պատասխանի ցանկացած տեքստ առանց խմբագրման, և բացատրել էր, որ դա ակումբի սկզբունքն է:
Բարսեղյանը հարցրել էր Ա.Ավետիսյանին, թե կա՞ արդյոք որևէ այլ տեքստ, որ կկամենար Ա.Ավետիսյանը որպես պատասխան կամ հերքում հրապարակել, քան այն, ինչ ուղարկել է նամակով իրեն հունիսի 23-ին, թե՞ ուզում է հարցերը պարզել դատարանում, ինչպես գրել է նամակում: Վերջինս պատասխանել է, թե բավական է իր ուղարկած այդ տեքստի հրապարակումը:
Բարսեղյանը հարցրել էր, թե կարո՞ղ է արդյոք Ա.Ավետիսյանը ուղարկել նամակի էլեկտրոնային տարբերակը (որպեսզի այն համակարգչով ամբողջությամբ չշարվի նորից), Ավետիսյանը պատասխանել է, թե կուղարկի: 2 օր սպասելով նամակի էլեկտրոնային տարբերակին և չստանալով այն, ակումբը արտագրել է ամբողջ նամակը և հունիսի 30-ին հրապարակել իր կայքում: Դրանից 35 օր անց միայն, Արման Ավետիսյանը, փաստորեն չբավարարվելով պատասխանի հրապարակմամբ, որոշել է դատարանում պարզել հարցերը:
Գործով նախնական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին: