Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծել է ապամոնտաժված կրպակների տերերի և բացօթյա առևտրով զբաղվողների իրավունքների պաշպանության խումբ, որի պատասխանատուն է ՀՀՇ կուսակցության վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:
Այսօր կառավարության շենքի մոտ ապամոնտաժված կրպակների տերերը հերթական բողոքի ակցիան են անցկացրել: Սամվել Աբրահամյանը եկել էր աջակցելու բողոքավորներին: Նրա հետ էին նաև կուսակցության վարչության անդամ Սարգիս Թամազյանը և կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները:
Epress.am-ի հետ զրույցում Սամվել Աբրահամյանն ասել է, որ կրպակատերերը զանգահարել են իրենց և ասել, որ աջակցության կարիք ունեն, սակայն, նրա խոսքով, այն, ինչ ինքն այսօր տեսել է, կազմակերպվածության պակաս ունի և դեռ սաղմնային վիճակում է:
Դիմելով հավաքված կրպակատերերին` Աբրահամյանը նշել է, որ եթե իրենք ուզում են լիարժեք պաշտպանել իրենց իրավունքները, ապա, առաջին հերթին, պետք է շատ համախմբված և կազմակերված լինեն: Հիշեցնելով տաքսու վարորդների և բացօթյա առևտրով զբաղվողների ակցիաները` Սամվել Աբրահամյանն ասել է, որ դրանք ավարտվեցին թույլ կազմակերպված լինելու պատճառով:
«Գիտակցում են այս մարդիկ, թե չեն գիտակցում, իրենք դուրս են եկել համակարգի դեմ: Ավազակապետության շահերի հետ գործ ունենք: Ես տեսա, որ շատերը շատ առողջ դատում են, շատ լավ հասկանում են, որ ամբողջ պրոցեսը, որ սկսվել է, ոչ թե քաղաքը մաքրելու խնդիր է հետապնդում, այլ ընդամենը մի քանի օլիգարխների եկամուտները ավելացնելու: Այս կարգի միջոցառումները, որքան էլ կարևոր են, ակնհայտ է, որ սրանցով խնդիր չի լուծվի»,- ասել է Աբրահամյանը:
Խոսելով այն կրպակատերերի մասին, որոնց վրա քաղաքապետի որոշումը դեռ չի անդրադարձել, Աբրահամյանն ասել է, որ նրանք բոլորը պիտի հասկանան, որ եթե ոչ այսօր, ապա մի օր իրենց հերթն էլ է գալու:
«Անխուսափելի է, եթե գործ ունեն այս հանցավոր խմբի շահերի հետ, ապա սրանք իրանց շահերը բուլդոզերի պես տանում են առաջ: Ամենաճիշտ ճանապարհը մեծ համաժողովրդական պայքարն է այս համակարգի դեմ, ի վերջո այս մարդիկ գալու են այդ գիտակցման, ես համոզված եմ, հիմա այս պայքարը բերելու է դրան: Իսկ մենք ամեն ինչով նրանց կաջակցենք: Մենք զբաղված ենք իրենց գլոբալ շահը պաշտպանելու խնդրով»,- ասել է ՀՀՇ-ական գործիչը:
Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում էր նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ով մշտապես ներկա է լինում կրպակատերերի ակցիաների ժամանակ: Ակցիայի ավարտից հետո նա կրպակատերերի հետ միասին գնացել է ՄԻՊ գրասենյակ` նամակ հանձնելու: