Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ են այցելել 50-ից ավելի կրպակատերեր՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ:
ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ կրպակատերերը իրենց բողոքն են ներկայացրել Երևանում կրպակների ապամոնտաժման գործընթացի դեմ և դժգոհությունը հայտնել Երևանի քաղաքապետարանի որոշումներից:
ՄԻ պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ, Անդրեասյանը կրպակատերերին ներկայացրել է իրենց իրավունքների պաշտպանության ուղիները և բացատրել է իր լիազորությունները, ինչպես նաև ներկաներին առաջարկել է Պաշտպանին դիմել անհատական դիմումներով՝ յուրաքանչյուր գործ առանձին քննարկելու և որոշումներ կայացնելու նպատակով: Անդրեասյանն ընդգծել է, որ օմբուդսմենը կարող է աջակցել դիմումատուներին իրավական լուծումներով, իսկ, երբ խնդիրը դուրս է իրավական դաշտից, ապա քաղաքական պայքարին Պաշտպանը մասնակցել չի կարող, սակայն կարող է միջամտել, որպեսզի հարգվի և պաշտպանվի յուրաքանչյուրի՝ օրինական ճանապարհներով իր կենսական շահերի համար պայքարելու իրավունքը:
Ի պատասխան կրպակատերերի խնդրանքին՝ դիմել Սահմանադրական դատարան քաղաքապետարանի որոշումների Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով` Պաշտպանն ասել է, որ այդ առաջարկը ևս մանրամասն քննարկման կարիք ունի: Նա խոստացել է, որ այսօրվանից գրասենյակը կուսումնասիրի Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունները և հնարավոր բոլոր հիմքերը: