Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է հակակառավարական ակցիաների ճնշման նպատակով իրականացվող բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ասադը նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Փան գի Մունի հետ հեռախոսազրույցից հետո, հայտնում է AFP-ը:
Ըստ գործակալության, օգոստոսի 17-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Փան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիան պետք է «անհապաղ դադարեցնի բոլոր ռազմական գործողություններն ու զանգվածային ձերբակալությունները»:
Հիշեցնենք, որ 2011-ի մարտից Սիրիայում հակակառավարական ցույցեր են ընթանում, որոնք ճնշելու նպատակով իշխանությունները դաժան միջոցներ են կիրառում:
Նշենք նաև, որ Սիրիայում բռնկված հակակառավարական ցույցերն արդեն մի քանի հարյուր մարդկանց կյանք են խլել:
Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել սիրիական պաշտոնյաների նկատմամբ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը բանաձև է ընդունել, որը դատապարտում է սիրիական իշխանությունների գործողությունները: