ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կարգապահական պատասխանատվության ենթարկելու 3 հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին, քանի որ, Պաշտպանի գնահատմամբ, դատավորներ Երեմ Եսոյանը, Մասիս Ռեհանյանը և Յուրիկ Իսկոյանը վերջին մեկ տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ասված է ՀՀ ՄԻ պաշտպանի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ օմբուդսմենի` դատավոր Երեմ Եսոյանը ընդամենը 9,6 քառ. մետր բնակելի տարածքի վերաբերյալ մոր և որդու միջև դատական վեճը քննել է 19 ամիս, այսինքն` չի ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննելու օրենքի պահանջը:
Դատավոր Մասիս Ռեհանյանն անտեսել է առաջին ատյանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում կրկնակի հետազոտելու վերաբերյալ քաղաքացու ներկայացրած օրինական միջնորդությունը` որպես իր որոշման հիմք նշելով նման միջնորդության բացակայությունը:
Դատավոր Յուրիկ Իսկոյանը քաղաքացու կալանավորման հարցը լուծելիս քննարկման առարկա է դարձրել նրա մեղավորության հարցը, ինչն անձիանմեղության կանխավարկածի ակնհայտ և կոպիտ խախտում է: Ավելին, դատավորն ամբաստանյալի համար չի ապահովել օրենքով նախատեսված թարգմանչի պարտադիր ներկայությունը: Բացի դա, դատարանի որոշման մեջ սկզբում չի նշվել կալանավորման ժամկետը, ապա օրենքի խախտումով վրիպակն ուղղելու որոշում է կայացվել և, ի վերջո, սահմանվել է կալանքի ժամկետ, բայց այս անգամ էլ խախտվել է օրենքը՝ հարցը լուծվել է առանց ամբաստանյալի մասնակցության:
ՄԻ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ, չնայած ՀՀ արդարադատության խորհրդի անաչառության և արդյունավետության վերաբերյալ հնչել են բազմաթիվ բացասական գնահատականներ, սակայն Պաշտպանն ակնկալում է, որ «իր հաղորդումների հիման վրա խորհուրդը կկայացնի արդար որոշումներ»: