Օոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Վարդան Սևյանը (ծնվ. 1991թ., Ճամբարակի զինկոմիսարիատում հաշվառված) ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ վերոնշյալ հաղորդումն «ըստ նախնական տվյալների» է:
Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ 2010 թվականի ընթացքում բանակում զինծառայողների մահվան մի քանի դեպքեր ՀՀ ՊՆ-ի կողմից որակվել էին որպես ինքնասպանություն, սակայն հետագայում զոհվածների ծնողները հերքել էին այդ վարկածը` հայտարարելով, որ իրենց զավակներին սպանել են: Նման աղմկահարույց դեպքերից է 2010 թվականի հուլիսին զոհված ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի գործը:
Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի` ՀՀ կառավարության նիստերի օրը, բանակում զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիաներ են անցկանցում` պահանջելով «արդարացի քննություն անցկացնել և պատժել զավակների սպանության իսկական մեղավորներին»: