Նման արտահայտություններով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցուցադրում է Պրահայի գործընթացից սկսած մինչ Մադրիդյան սկզբունքների նախապատրաստումը ձեռք բերված համաձայնություններին վերջ դնելու իր մտադրությունը, 1news.az-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը` մեկնաբանելով Հայաստանի նախագահի վերջին ելույթը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 20-ին «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման և «Արի տուն» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին` հայտարարել էր. «Տասնյակ տարիների ընթացքում ադրբեջանցի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղն ադրբեջանական է և հիմա շատ մեծ բարդության առջև են կանգնած Ադրբեջանի ղեկավարները, որովհետև երբեք չեն փորձել, ցավոք, հիմա էլ չեն փորձում, իրենց ժողովրդի հետ լինել անկեղծ, բաց խոսակցություն վարել և ասել` գիտե՞ք, ժողովուրդ, այդ հողը հայկական է…Որքան էլ դժվար լինի, մենք պարտավոր ենք խնդրի խաղաղ լուծման բանալին գտնել: Մենք ասելով նկատի ունեմ և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը… Ես վստահ եմ, որ ռազմական գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Իսկ Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ»:
Նախագահը նշել էր նաև, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արդեն ինքնորոշվել է ու ինքն է հիմա տնօրինում իր ճակատագիրը: «Իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված լինելու խնդիր ունի, ինչը վաղ թե ուշ, միևնույն է, լուծվելու է: Այլ հարց է, թե ե՞րբ, որովհետև ինչքան շուտ, այնքան ավելի լավ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի համար»,-ասել էր Սերժ Սարգսյանը:
Աբդուլաևի խոսքով` Հայաստանի նախագահը հերթական անգամ դիմում է փաստերի խեղաթյուրման և կոչ է անում «շարունակել ադրբեջանական հողերի օկուպացման գործընթացը»:
«Իր ազգին խաղաղության նախապատրաստելու և դրանով տարածաշրջանի զարգացման և բարեկեցության ապահովման գործում իր ներդրումն ունենալու փոխարեն Սարգսյանը ծայրահեղականացնում է հայկական հասարակությունը: Հայաստանի նախագահն իր արտահայտություններով հրապարակում է իր իսկական մտադրություններն ու մերկացնում է Հայաստանի իսկական քաղաքականությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում է , որ նա խաղաղություն չի փնտրում և չի ցանկանում հեռանալ իր ոչ կառուցողական քաղաքականությունից»,- ասել է Աբդուլաևը:
Նա նաև հավելել է, որ իր խոսքերով հայաստանյան նախագահը փաստացիորեն հակասում է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների մինչ օրս արված հայտարարություններին: