Home / Հայաստան / Բան Կի Մունը պատասխանել է հայկական խաչքարների մասին նամակին

Բան Կի Մունը պատասխանել է հայկական խաչքարների մասին նամակին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից բարձրացված Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված խաչքարների ցուցահանդեսի սկանդալի դեմ բողոքի ակցիայի արդյունքում ստացվել է պատասխան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից, որտեղ կրկնվում են այն երկու կետերը, որոնց շուրջ ծավալվել էր նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար տիկին Իրինա Բոկովայի տված բացատրությունը: Այս մասին ասված է ԵՀՄՖ-ի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված են այդ երկու կետերը.

1.         «Հայկական կողմը պարտավոր էր նախապես համաձայնեցնել խաչքարների շուրջ բացատրությունները և հատկապես տեղանունների հարցն այլ պետությունների հետ»:

2.         «Խաչքարների տակից բացատրությունների հանելու խնդիրը համաձայնեցված է եղել Հայաստանի պաշտոնական պատվիրակության և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեջյանի հետ»:

Համաձայն հաղորդագրության` ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ԿԻ Մունին կրկնել էր իր այն պատասխանը, որը պատրաստվել էր ԵՀՄՖ-ի իրավաբանների կողմից ի պատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի տրված բացատրություններին: Մասնավորապես, Գրիգորյանի նամակում խոսվել էր Նախիջևանի, Ջուլֆայի խաչքարների վերացման հարցի շուրջ` նշելով, որ «անհեթեթ է Հայաստանից պահանջել համաձայնեցնել խաչքարների տեղանունների օգտագործումը ադրբեջանական /կամ թուրքական/ կողմի հետ, եթե նրանք միտումնավոր կերպով ոչնչացրել են մշակութային հսկայական արժեք ունեցող մեր կոթողները` խաչքարները, և եթե սա հանդիսանում է «մշակութային ցեղասպանության վառ արտահայտված դրսևորում»:

«Ընդ որում, կան հստակ ապացույցներ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ելնելով շահադիտական նպատակներից, միտումնավոր կերպով թերացել է Նախիջևան հետազոտող խումբ ուղարկելուց և ավելին նույն նպատակով անվարան տվել է իր կարգադրությունը` փարիզյան ցուցահանդեսում խաչքարների տեղանունները հանելու շուրջ: Եթե փաստվի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից, մասնավորապես, նախագահ Իլհամ Ալիևի միջնորդությամբ, ստացել է 1.5 մլն դոլարի մենաշնորհ, կարելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողությունների պարզ բացատրությունը տալ՝ առանց ավելորդ մեկնաբանությունների:

ԵՀՄՖ-ն իր հետագա քայլերով հետամուտ է լինելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարածը համաշխարհային հասարակությանը ներկայացնելու և նրա «օբյեկտիվ» վերաբերմունքը դիմակազերծելու համար: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի, ստեղծված իրավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի փրկության միակ ելքը. շտապ Նախիջևան ուղարկել մասնագետների այն հանձնախումբը, որի շուրջ խոստումներ լսվում են 2005-ից ի վեր, և որը հանդիսանում է աշխարհի ողջ հայության պահանջը` Նախիջևանում 2005-2006թթ. մի քանի հազար խաչքարների ոչնչացման հանցագործությունը գրանցելու ու մեղավորներին պատժի ենթարկելու հարցում», – ասված է հաղորդագրության մեջ: