Home / Հայաստան / «Վայը եկել, մեզ տարել է». Շահնազարյանը խոսել է իշխանությունների մասին

«Վայը եկել, մեզ տարել է». Շահնազարյանը խոսել է իշխանությունների մասին

Այսօր Սարյանի պուրակում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն ու ակտիվիստները նշել են Անկախության հռչակագրի ընդունման 21-ամյակը:

Միջոցառումը վարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, ով առաջարկել է հավաքը սկսել Հայաստանի օրհներգը երգելով:

Կոնգրեսի երիտասարդները բոլոր ներկաներին բաժանել են օրհներգի բառերը, ու բոլորը միասին սկսել են երգել: Միջոցառման փակման ժամանակ ներկաները ևս մեկ անգամ կատարել են օրհներգը:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ծափահարել բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են ՀՀ անկախության կերտման ակունքներում` նշելով, որ այդ մարդկանց մեջ են եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Վերջինս իր ելույթում նշել է, որ իր համար կա երկու նվիրական օր օրացույցում՝ դա օգոստոսի 23-ն է և սեպտեմբերի 21-ը:

«Շատերիդ մոտ հարց կարող է առաջանալ՝ բա մայիսի 28-ը: Ի տարբերություն մեր այս անկախության, 1918 թվի անկախությունը ոչ թե ժողովրդի պայքարի արդյունք էր, այլ ոչ գիտակցված, ակամա ստացված անկախություն էր, և, ցավոք սրտի, այդ անկախությունը ունեցավ այն վերջաբանը, ինչ որ պետք է ունենար: Այսօր մենք ունենք մեկ կարևորագույն խնդիր, մենք մեր անկախությունը ու պետականությունը պետք է պաշտպանենք ներկայիս իշխանություններից, որովհետև մեր անկախության, մեր պետականության մեծագույն վտանգը այսօրվա իշխանություններն են: Իսկ մեր անկախության, մեր պետականության մեծագույն արժեքը ՀՀ քաղաքացիներն են»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:

Խոսելով ընդդիմության և իշխանությունների երկխոսության մասին՝ Շահնազարյանն ասել է, որ Կոնգրեսն ամեն ինչ անում է, որպեսզի «Հայաստանում չկրկնվի Մուբարաքի և Քադաֆիի սցենարը, բայց վերջնական ընտրությունը իրենցն է»:

«Այսօր, լսելով իրենց (նկատի ունի իշխանական կոլաիցիայի պատվիրակության ներկայացուցիչներին – խմբ.), ես մտածում էի՝ եթե նման արգումենտներով նրանք բանակցում են, օրինակ, Ղարաբաղի հարցով, ուրեմն վայը եկել, մեզ տարել է», – ասել է Շահնազարյանը: