21 տարի առաջ` 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը կազմված էր 12 կետից:
Առաջին կետի համաձայն, «Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը»։
Հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը հայտարարվում էր ինքնիշխան պետություն` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
Հռչակագիրը սահմանում էր, որ այն հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։