Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները պատրաստ են հանդիպել «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ, բայց ոչ Ազատության հրապարակում կամ «Ուրբաթ» ակումբում, ինչպես առաջարկել էր Սեֆիլյանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի ակտիվիստ Սարգիս Գևորգյանը:
«Քանի որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե պարզաբանումներ ունի մեզ տալու, ինչ-որ ասելիք ունի, մենք պատրաստակամություն հայտնեցինք հանդիպել և լսել նրան Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում, որի անդամ է նաև նրա ղեկավարած «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնությունը: Նրա առաջարկը հանդիպել Ազատության հրապարակում կամ «Ուրբաթ» ակումբում ցույց է տալիս, որ Ժիրայր Սեֆիլյանի ուզածը ընդամենը քարոզչական շոու է», – ասել է Գևորգյանը:
Նա վերահաստատել է ակտիվիստների պատրաստակամությունը լսելու նրա տեսակետները, եթե «նա դրանք մեզ հայտնելու ցանկություն ունի»:
«Իսկ եթե Կոնգրեսի գրասենյակը ինչ-ինչ հոգեբանական խնդիրներ է հարուցում, և նրան հարմար չէ, կարող ենք պայմանավորվել այլ վայրի մասին», – ասել է ՀԱԿ-ի ակտիվիստը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ակտիվիստների` օգոստոսի 9-ին բերման ենթարկվելուց հետո «Սարդարապատը» հայտարարություն էր տարածել, որով իր աջակցությունն էր հայտնել երիտասարդներին, սակայն քննադատական արտահայտություններ թույլ տվել ՀԱԿ-ի ղեկավարների հասցեին: Իրենց պատասխան հայտարարության մեջ ՀԱԿ ակտիվիստները նշել են, որ «Սարդարապատի» անդամները փորձում են «սեպ խրել Կոնգրեսի երիտասարդական թևի և նրա ղեկավար կառույցների միջև»: