Իշխանության և Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա` մոտ 5 ժամ տևած հանդիպումից հետո իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրենք, կարծես, ունեն ընդհանուր մոտեցում` իրավական համակարգը գործել է ոչ խտրական:
«Եվ նաև մենք` նկատի ունեմ աշխատանքային խումբը, վստահություն ունենք, որ իրավական համակարգը շարունակելու է բոլորի նկատմամբ գործել ոչ խտրական»,- ասել է Դավիթ Հարությունյանը:
Մեկնաբանելով Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե իշխանության պատվիրակության ներկայացրած փաստաթղթ «շատ ավելի լավն է, քան Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած փաստաթուղթը, որովհետև այն շատ ավելի լավ է հիմնավորում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը» Հարությունյանն ասել է.
«Իհարկե, հռետորական տեսանկյունից, միգուցե, գեղեցիկ հնար է օգտագործել պարոն Զուրաբյանը, բայց, բնականաբար, հակառակն է: Մեր կարծիքով` մենք այս պահին չենք տեսնում, որ ՀԱԿ-ի մի որևէ հիմնավորում հիմնավորում է արտահերթ ընտրությունները»: