Հայ հասարակությունը Ադրբեջանի հանդեպ ոչ մի կարծրատիպից չի ձերբազատվել, ընդհակառակը, նորերն են ձևավորվել: Այս մասին ադրբեջանական «Զերկալո» պարբերականի հետ զրույցում հայտարարել է «Կովկասյան խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանը:
«Ավարտին է մոտենում համագոյակցության փորձ ունեցող և 20 տարվա վաղեմության իրադարձություններին մասնակցած խորհրդային մարդու կյանքի շրջանը: Նրան փոխարինելու է գալիս զոմբիացված երիտասարդությունը` տեղեկատվական պատերազմի դաշտի զինվորների նոր ճամբարը»,- նշել է նա:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցում ազգային դիվանագիտության հնարավորությունների մասին` իրավապաշտպանը նշել է, որ ժամանակակից հայ-ադրբեջանական ազգային-դիվանագիտական գործընթացը կրկնօրինակում է քաղաքական բանակցությունները, դառնալով միջազգային պրակտիկայի և դոնոր-կազմակերպությունների պահանջների պաշտոնական շրջանակների նմանակ:
«Իմ ընկալումների համաձայն, մեր հակամարտության պայմաններում ազգային դիվանագիտությունը պետք է նմանակման քաղաքական գործընթացի այլընտրանքն ու հակոտնյա պրոցեսը լինի: Այդ դիվանագիտության արդյունքը պետք է դառնա մեր երկրներում լուսավորության և գործող օրենսդրության կիրառման միջոցով ռասիզմի և այլատյացության բացառումը:
Այդ դիվանագիտության արդյունքը պետք է դառնա հրադադարի ռեժիմը խախտողների պատիժը:
Այդ դիվանագիտության արդյունքը պետք է դառնա հակամարտության արդյունքում բոլոր տուժածների համապատասխան փոխհատուցումը, այդ թվում` այն մարդկանց, որոնց այսօր էլ վնաս է հասցվում, սահմանամերձ գոտու բնակիչներին, զոհվածների ընտանիքներին և հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվածներին: Եվ վերջապես, այդ դիվանագիտության արդյունքը պետք է դառնա մեր երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի ապահովումը»,- հայտարարել է Գեորգի Վանյանը: