Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին երկրում է և իրեն լավ է զգում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը: Նրա խոսքով` Քադաֆիի երկու որդիներն էլ նրա կողքին են:
«Նրանք մասնակցում են ռազմական գործողություններին և արյուն են թափում», – ասել է Իբրահիմը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Քադաֆիի որդի Սաիֆ ալ-Իսլամը հանդիպել է լրագրողների հետ: Հարցին, թե արդյոք իր հոր հետ ամեն ինչ կարգին է և արդյոք նա գտնվում է Տրիպոլիում, ալ-Իսլամը պատասխանել է. «Անշուշտ»:
Քադաֆի-կրտսերը նաև հայտարարել է, որ ապստամբներն իրենց թակարդն են ընկել Տրիպոլիում և որ կառավարական զորքերը «կոտրել են նրանց ողնաշարը»:
Երեկ հաղորդվում էր, որ Քադաֆիի հակառակորդները պատանդ են վերցրել նրա երկու որդիներին: