Home / Հայաստան / «Չենք լռելու» նախաձեռնությունը ֆինանսավորվում է Մայր Աթոռի կողմից. օրաթերթ

«Չենք լռելու» նախաձեռնությունը ֆինանսավորվում է Մայր Աթոռի կողմից. օրաթերթ

Սոցիալական կայքերում վերջերս աղմկող «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն «անլեգալ» ֆինանսավորվում է Մայր Աթոռի կողմից, գրում է «Հրապարակ» օրաթերթը`հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Թերթը նշում է, որ նախաձեռնության անդամները պարբերաբար լինում են Էջմիածնում, հանդիպումներ են ունենում բարձրաշխարհիկ հոգևորականների և կաթողիկոսի հետ:

«Չնայած «Չենք լռելու»-ն իր գործունեությունը սկսել է Մայր Աթոռի որդեգրած քաղաքականությունը քննադատելուց, որ Եկեղեցին չի հետաքրքրվում եկեղեցիների ճակատագրով, բայց ընդամենը մեկ օր հետո, երբ սկսվեց արշավանքը Ամենայն հայող կաթողիկոսի դեմ, նրանք խնդրեցին հարցը չքաղաքականացնել  և դադարեցնել պրոցեսը: Նաև այն, որ Հանրայինի եթերում Գարեգին 2-րդն իբր հակագովազդեց «Չենք լռելու» -ին, բայց իրականում ապահովեց PR», – գրում է օրաթերթը:

«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ, համացանցից քիչ թե շատ օգտվել իմացող բոլոր քահանաներին Մայր Աթոռի կողմից հանձնարարվել է սոցիալական ցանցերում քննադատել «Չենք լռելու»-ին և ներկայացնել որպես Էջմիածնի հակառակորդ: Նաև «Չենք լռելու»-ին հանձնարարվել է սոցկայքերում պայքար մղել աղանդավորների դեմ: «Չենք լռելու»-ի հիմնադիր խմբի անդամ Աշոտ Պողոսյանը օրաթերթի հետ զրույցում չի ցանկացել որևէ կերպ մեկնաբանել Մայր Աթոռի հետ սերտ կապեր ունենալու մասին տեղեկությունները` այդ ամենը համարելով անհեթեթություն:

Պողոսյանը նշել է, որ իրենք առ այսօր աշխատում են իրենց էնտուզիազմի հաշվին: Իսկ օրաթերթի թղթակցի այն հարցին, արդյո՞ք դժվար չէ «անփող» աշխատելը, Պողոսյանը ասել է, որ իրենցից յուրաքանչյուրն աշխատում է և ունի իր փողը: