Թուրքիայի Մեծ Ազգային Ժողովից հայ-թուրքական արձանագրությունների ավտոմատ դուրս մղումով իրավականում արձանագրվել է դե ֆակտո վիճակը, այսինքն` թուրքական իշխանությունների կողմից արձանագրությունների տապալումը: Նման կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
«Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ այս քայլով անվավեր չի ճանաչվել Թուրքիայի կառավարության անունից արտգորնախարար Դավութօղլուի ստորագրությունը արձանագրությունների տակ: Կարող ենք սահմանել, որ սրանով ցույց է տրվում Թուրքիայի ապակառուցողական մոտեցումը, այսինքն` թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին լրացնելու եկավ իրավական հստակ ձևակերպում», – մեկնաբանել է փորձագետը:
Թուրքիայում առկա տրամադրությունների, քրդական հարցի, Մերձավոր Արևելքի խնդրի, տարածաշրջանում ընթացող զարգացումների, Անկարայի դերի ավելացման համատեքստում, Մելքոնյանի կարծիքով, շատ դժվար է ենթադրել, որ մոտ ժամանակներս արձանագրությունները կարող են վերադառնալ մեջլիսի օրակարգ:
«Հայ-թուրքական հարաբերություններում կարող են արձանագրվել փոփոխություններ, քանի որ միջազգային հնարավոր ճնշումը թուրքական իշխանությունների վրա այս պահին հավասարեցված է զրոյի, քանի որ աշխարհաքաղաքական օրակարգն այսօր այլ հարցերով է հագեցած»,- հավելել է բանախոսը: