Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսաստանյան «Կրասնոդար» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը Life Sports-ի հետ զրույցում պատմել է «խոսացած խաղի», սիրած ֆուտբոլիստների, ուժեղ պաշտպանների և իր ծրագրերի մասին:
– Բազմաթիվ խոսակցություններ էին շրջանառվում «Կրասնոդար» -«Կրիլյա Սովետով» հանդիպման մասին`ակնարկելով հաշվի` նախապես պայմանավորված լինելը: Ի՞նչ կարող ես ասել այդ մասին:
– Այս ամենը միայն խոսակցություններ են: Ես անձամբ մասնակցել եմ այդ հանդիպմանը և դրան մոտ որևէ բան չեմ նկատել: Կարծում եմ `բոլոր նրանք, ովքեր տեսել են իմ խաղը և այն, թե ինչպես էր մեր թիմը պայքարում, կհամաձայնեն, որ մենք միայն հաղթանակի համար էինք խաղում: «Կրասնոդարն» այն թիմը չէ, որ նման բաներով զբաղվի:
– Ռուսաստանցի ո՞ր պաշտպանի դեմ խաղալն է ամենաբարդը:
-Դժվար է կոնկրետ մեկին առանձնացնել, Բրունո Ալվեշին ռուսաստանյան պրեմյեր լիգայի լավագույն պաշտպաններից եմ համարում: Կարող եմ նաև նշել ԲԿՄԱ-ի պաշտպանությունը, որի դեմ ես արդեն երեք անգամ հասցրել եմ խաղալ, ուժեղ պաշտպանություն ունի նաև «Ռուբինը»:
– Դու կարող էիր հանդես գալ նաև այլ հավաքականում, բայց ընտրեցիր Հայաստանը: Ոչ բոլոր ֆուտբոլիստներն այդպես կվարվեին, մեկ թարմ օրինակ կա` Խոակին Բոգոսյանը: Ի՞նչ կասես այդ առիթով:
– Ես ընտրությունը սրտով եմ կատարել, իսկ իմ ընտրության հիմնական նպատակը Հայաստանում ֆուտբոլի մակարդակը բարձրացնելն էր: Ինչ վերաբերում է մնացած ֆուտբոլիստներին, կարծում եմ, որ եթե նրանք իրենց իսկական հայ զգային, անպայման կհամաձայնեին մեր թիմի կազմում հանդես գալ: Մեր թիմին պետք չեն Ֆուտբոլիստներ, որոնց մեջ բացակայում է հպարտության զգացումը:
– Ինչպե՞ս կգնահատես 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքները (Իտալիա, Դանիա, Չեխիա, Բուլղարիա, Մալթա):
– Կարծում եմ, որ Հայաստանի համար վիճակահանությունը հաջող էր: Քանի որ, եթե ցանկանում ենք հեղինակություն վաստակել ֆուտբոլային աշխարհում, պետք է ուժեղ թիմերի հաղթենք: Ընդհանուր առմամբ, խումբն ուժեղ է, բայց վստահ եմ, որ եթե մենք մեր լավագույն խաղը ցուցադրենք, շատ բաների կարող ենք հասնել:
– Իսկ ո՞վ է քո կուռքը:
– Անրին, բրազիլացի Ռոնալդոն և Զիդանը:
– Եվրոպական ո՞ր ակումբին ես երկրպագում:
-Լոնդոնյան «Արսենալին»:
-Իսկ Ռուսաստանում էլ ո՞ր ակումբում կցանկանայիր հանդես գալ:
-Նման թիմ չկա: Ես եվրոգավաթում հանդես գալու ցանկություն ունեմ, հուսով եմ, որ «Կրասնոդարը» մոտ ժամանակներս կկարողանա նման արդյունքի հասնել: Մենք թիմում շատ լավ կազմակերպչական համակարգ և հիանալի նախագահ ունենք, ով բոլոր պայմանները ստեղծում է, որպեսզի թիմը հաջողությունների հասնի: