Հելսինկյան Ասոցիացիան այսօր տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ Հայաստանի քաղաքացի, անչափահաս Արմեն Մարտիրոսյանին, ում մեղադրում են Կարեն Կարապետյանի և Պետրոս Հակոբյանի հետ 2009 թվականին կատարած մի շարք ավազակային հարձակումների մեջ, խոշտանգման է ենթարկվել ոստիկանների կողմից:
Արմեն Մարտիրոսյանը ձերբակալել են 2010 հունվարի 19-ին:
Նրա մայրը` Օֆելյա Մարտիրոսյանը, դիմել է Հելսինկյան ասոցիացիա և հայտնել է իր որդու նկատմամբ կատարված խոշտանգումների մասին: Նա հայտնել է, որ իր որդու ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով: Մոր խոսքերով՝ ոստիկանները գիշերը ժամը մեկից հետո, քաղաքացիական հագուստով, մոտ 10-15 հոգով առանց դուռը ծեծելու և ներկայանալու մտել են իրենց տուն և սկսել խուզարկել բնակարանը: Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են այն ժամանակ, երբ նա գտնվում էր Գյումրիում և, համաձայն մոր խոսքերի, ամբողջ ճանապարհը՝ Գյումրիից Երևանի Արաբկիր համայնքի ոստիկանական բաժանմունք, նրան ենթարկել են ծեծի և խոշտանգումների: Դրանից 2-3 օր հետո Արմեն Մարտիրոսյանին տեղափոխել են մանկական գաղութ, որտեղ և մայրը տեսել է իր որդու մարմնի վրա առկա կապտուկները: Մայրը հայտնել է, որ որդու երիկամները մոտ երկու ամիս արունահոսում էին:
Հելսինկյան ասոցիացիայի փոխանցմամբ, Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ խոշտանգումների ժամանակ նա շատ է վատացել և նրան տարել են պատուհանի մոտ ու ասել, որ իրեն պատուհանից դուրս կնետեն: Խոշտանգումներից փրկվելու համար Արմեն Մարտիրոսյանը գաղութում ինքնասպանության փորձ է կատարել՝ կտրելով երակները:
Հելսինկյան ասոցիացիան հայտնում է, որ տեղեկություններ ունի նաև մյուս մեղադրյալների նկատմամբ կատարված խոշտանգումների մասին, սակայն ստույգ տվյալներ դեռևս չի կարողացել ներկայացնել:
Արմեն Մարտիրոսյանի գործով դատավարությունը սկսվել է 2010թ. օգոստոսին: Դատավարությունը ընթացքի մեջ է: Հաջորդ դատական նիստը նշանակված է 2011թ. օգոստոսի 29-ին, ժամը՝ 15:00-ին, Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: