Երկուշաբթի Դոնի Ռոստովում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախման մանրամասները հաղորդել է Vesti.Az կայքը:
Ռոստովի Ներքին Գործերի քաղաքային վարչությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Լենինի հրապարակում:
Ադրբեջանի երկու քաղաքացիներ`22 և 25 տարեկան, ոչ սթափ վիճակում ծեծկռտուք են սկսել ազգությամբ հայ 4 երիտասարդների հետ: Վկաների և տուժածների նախնական ցուցմունքների համաձայն, բախումը տեղի է ունեցել ազգային հողի վրա: Ծեծկռտուքի ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները հանել են դանակները և հարվածներ հասցրել հայ երիտասարդներին: Այնուհետև փախել են դեպքի վայրից: Որովայնի, կրծքավանդակի, կոնքի և ձեռքերի հատվածում ստացած վնասվածքներով տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Երիտասարդներից մեկի վիճակը ծանր է գնահատվում:
«Իրավապահներին հաջողվել է բերման ենթարկել հանցագործներին: Այս պահին որոշվում է ադրբեջանցի երիտասարդների նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը: Ձերբակալվածները կտրականապես հրաժարվում են հարցերին պատասխանել, չեն ընդունում իրենց մեղքը` հայտարարելով, որ Ադրբեջանի քաղաքացի են, և պահանջում են իրենց մոտ բերել Ադրբեջանի հյուպատոսին կամ քաղաքի ադրբեջանական համայնքի ղեկավարին»,- հաղորդել են Ռոստովի Ներքին Գործերի վարչությունից: