Երեկ «Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) կուսակցությանն է անդամագրվել օգոստոսի 17-ին ՀՀՇ-ից դուրս եկած ՀՀ նախկին արտգործնախարար, 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը:
«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում Արզումանյանը նշել է, որ ԱԴ-ին անդամագրվել է որպես շարքային անդամ: Նա, այնուամենայնիվ, ավելացրել է, որ կուսակցությունը չունի ընդգծված լիդեր և այն ղեկավարվելու է կոլեգիալ (ԱԴ-ի նախագահն է ՀՀՇ վարչության նախագահի նախկին տեղակալ Խաչատուր Քոքոբելյանը):
Պատասխանելով «Առավոտի» լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, Արզումանյանն ասել է.
«Հարցը, հավանաբար, վերաբերում է հերթական ընտրություններին. չենք կարծում, որ կան արտահերթ գոնե խորհրդարանական ընտրությունների նախադրյալներ: Իսկ հերթական ընտրություններին մասնակցությունը ժամանակը ցույց կտա: Կարծում եմ, որ կուսակցության կարևորագույն խնդրիներից պետք է լինի ԱԺ-ում ներկայացված լինելը»:
Անդրադառնալով իր նախկին կուսակցությանը` ՀՀՇ-ին, Արզումանյանը նշել է, որ այն այլևս հանդես չի գալիս որպես ինքնուրույն կուսակցություն:
«ՀՀՇ-ն դարձել է ՀԱԿ-ի օժանդակ կառույց, որը սպասարկում է Կոնգրեսին և նրա միջոցառումները: ՀՀՇ-ն վերջին տարիների ընթացքում հանդես չի եկել և ոչ մի նախաձեռնությամբ. թերևս միակ բացառությունը Եվրոպական լիբերալ դեմոկրատներին անդամակցությունն էր, որը 10-ամյա գործունեության արդյունք էր: ՀՀՇ-ն կոլեգիալ որոշումներ ընդունող կառույց էր, բայց վերջին տարիներին այլևս այդպես չէ` ՀՀՇ-ն կառավարվում է ՀԱԿ-ի կողմից, և դա ցավալի իրողություն է: Սա ոչ թե ՀԱԿ-ի նկատմամբ որևէ բացասական իմաստով եմ ասում, այլ նկատի ունեմ, որ կուսակցությունը կաշկանդված է ինքնուրույն գործելու հարցում, քանի որ ստիպված սպասարկում է ավելի լայն կառույցի շահերը: Լրիվ հասկանալի է` այդ լայն կառույցը ձևավորվեց մեկ խնդիր լուծելու` իշխանափոխության համար, մի կողմ դնելով գաղափարական տարբերությունները: Բայց մյուս կողմից` կուսակցությանը պետք է շարունակի իր գաղափարները տարածելու, նոր ծրագրերով հանդես գալու գործունեությունը», – ասել է Արզումանյանը: