ՌԴ Ներքին գործերի նախարարությունը միջոցառումներ է ձեռնարկում կանխելու համար մոսկվացի ուսանող Իվան Ագաֆանովի սպանության հետ կապված հնարավոր անկարգություններն ու բախումները: Ագաֆանովը մահացել էր մարտեր առանց կանոնների մարզաձևի դաղստանցի չեմպիոն Ռասուլ Միրզաևի հարվածից հետո:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ չեմպիոնի երկրպագուներն արդեն նշանակել են բողոքի ակցիայի օրն ու ժամը: Այն անցկացվելու է օգոստոսի 28-ին, «Սպարտակ»-«ԲԿՄԱ» խաղից հետո:
«Կոմերսանտի» տեղեկություններով` ազգայնականներն արդեն իսկ սադրիչ պաստառներ են պատրաստել, որոնք մտադիր են ցուցադրել ֆուտբոլային հանդիպման ընթացքում:
Մոսկվայում անհապաղ միջոցառումներ են ձեռնարկում անկարգությունների կանխման ուղղությամբ: Օպերատիվ հետաքննչական ծառայության աշխատակիցները հանդիպել են երկրպագուների առաջնորդների հետ և նախազգուշացրել, որ անկարգությունների դեպքում իրենք անձամբ խնդիրներ կունենան: Միրզաևի ընկերուհին` Ալլա Կոսոգորովան, որի պատճառով տեղի էր ունեցել միջադեպը, հայտնել է, որ իր տան հասցեին և հեռախոսահամարին սպառնալիքներ են գալիս երիտասարդական ծայրահեղական շարժումների կողմից:
Հատուկ ծառայությունները վախենում են անկարգություններից, որոնք կարող են կրկնել 2010 թվականի դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած դեպքերը: Այն ժամանակ անկարգությունների հրահրման առիթ դարձավ կովկասցիների հետ կռվի ընթացքում «Սպարտակի» երկրապգու Եգոր Սվիրիդովի սպանությունը: Անկարգությունների ընթացքում ցուցարարները ազգայնական կարգախոսներ էին վանկարկում, հարձակվում էին կովկասցիների վրա և ծեծի ենթարկում նրանց:
Նշենք, որ Իվան Ագաֆոնովի և Ռասուլ Միրզաևի միջև բախումը տեղի էր ունեցել օգոստոսի 13-ին «Գարաժ» գիշերային ակումբի մոտ: Ուսանողը խաղում էր հեռակառավարվող մեքենայով: Նա սկսել է անհանգստացնել չեմպիոնի ընկերուհուն: Վարկածներից մեկի համաձայն` նա աղջկան կատակով առաջարկել է «ֆռցնել» , իսկ մեկ այլ վարկածի համաձայն` «վարձել»: Միրզաևը` ի պատասխան նրա առաջարկի, հարվածել է Ագաֆանովի գլխին, հարվածի հետևանքով նա ընկել է, գլուխը խփել երկաթյա ճաղերին և կորցրել գիտակցությունը: Երիտասարդին հիվանադոց են տեղափոխել, որտեղ էլ նա 4 օր անց մահացել է` այդպես էլ ուշքի չգալով: