Օգոստոսի 15-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին անդրադառնալով` ՀՀ ոստիկանությունն այսօր պարզաբանում է տարածել, որում նշվում է, թե որոշ լրատվամիջոցներ գրում են, որ «միջադեպին իբր առնչություն են ունեցել նաև ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդիները»:
«Հայտնում ենք, որ հիշյալ անձինք նշված միջադեպին որևէ առնչություն չեն ունեցել և չէին կարող ունենալ, քանի որ այդ օրը հանրապետությունում չեն եղել», – ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, օգոստոսի 15-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ուենցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի և Սաշիկ Սարգսյանի թիկնապահները` Հերսանդ Մկրտչյանը և Նորիկ Աթոյանը: Նրանք կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի առնչությամբ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել: