ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ, որտեղ քննարկվել է նախկին խորհրդակցությունների հանձնարարականների կատարման ընթացքը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ ժամանակակից իրավական պետության խնդիրն է` ոչ միայն պաշտպանել քաղաքացիների իրավունքները, այլ նաև պատժել այդ իրավունքների նկատմամբ ոտնձգություններ կատարողներին, որովհետև «եթե պատասխանատվության անխուսափելիությունը, այսպես ասած, չի թևածում օդում, նշանակում է` շարունակում են վտանգված մնալ մարդու, հասարակության, պետության շահերը»:
«Ակնհայտ է, որ ամենից լավ պրոֆիլակտիկան` հանցագործությունների բացահայտումն է և պատժի անխուսափելիության ապահովումը: Ընդ որում` երկու խնդիր կա. մեկը վերաբերում է հանցագործությունների բացահայտման և քննության փուլերին, որ օպերատիվ և քննչական մարմինները պարտավոր են իրականացնել ժամանակին ու որակյալ, և երկրորդ խնդիրը` դատավճռի կայացումն է ու դրա ի կատար ածումը: Մենք երկու պարագաներում էլ խնդիրներ ունենք և այլևս չենք կարող հանդուրժել դրանց գոյությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը: