Լիբիայի ապստամբները գլխագին են խոստացել Մուամար Քադաֆիի համար, այն բանից հետո, երբ Քադաֆին կոչ է արել իր համախոհներին շարունակել կռիվներն ընդդիմադիրների հետ մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Դեռևս անհայտ է մնում Քադաֆիի գտնվելու վայրը: Ապստամբները խոստացել են համաներում շնորհել և դրամական պարգև տրամադրել այն անձին, ով կսպանի կամ կբռնի 69-ամյա հրամանատար Քադաֆիին:
Բենղազիում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը հայտնել է, որ լիբիացի գործարարները 1,7 մլն դոլար են ներդրել Քադաֆիի գլխագինը վճարելու համար:
Նշենք, որ չորեքշաբթի Մուամար Քադաֆին ելույթ է ունեցել «Ռաի» հեռուստաալիքի եթերում: Իր ուղերձում նա կոչ է արել Տրիպոլիի բնակիչներին հետ մղել ապստամբների առաջխաղացումը:
«Ես որոշ ժամանակով դուրս եմ եկել Տրիպոլիի փողոցներ, իհարկե, առանց մարդկանց աչքին երևալու և պետք է ասեմ, որ չզգացի, թե Տրիպոլին վտանգի մեջ է:
Այս գրոհայինները ցանկանում են փլուզել Տրիպոլին: Նրանք սատանայից են: Մենք պետք է պայքարենք»,- հայտարարել է Քադաֆին:
Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդել-Ջալիլը նախազգուշացրել է, որ շատ վաղ է Տրիպոլիի պայքարն ավարտված համարելու համար:
«Դա տեղի չի ունենա, քանի դեռ Քադաֆին և նրա որդիները ձերբակալված չեն»,-հայտարարել է նա: