Անցյալ շաբաթ Զովունիում եզդիների և հայերի միջև տեղի ունեցած վեճը Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյանը ծածկադմփոց է արել: Այս մասին նշված է «Հրապարակ» թերթի այսօրվա համարում հրապարակված բաց նամակի մեջ, որը ստրոգրել են Օվսաննա Կնյազյանը, Սլավիկ Սադոյանը, Ղաչաղ Մամոյանը և Գուրգեն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը գնախորդ շաբաթ գրել էր Զովունիում հայերի և եզդիների բախման մասին` նշելով, որ Ազիզ Թամոյանի վրա անգամ ատրճանակ են պահել: Հաջորդ օրը Թամոյանն օրաթերթի հետ զրույցում հերքել էր իր խոսքերը` նշելով, որ իր վրա բջջային հեռախոս էին պահել, իսկ քանի որ իր ճնշումը բարձր էր եղել, իրեն թվացել էր, որ դա ատրճանակ է: Նա նաև վստահեցրել էր, որ հայերն ու եզդիները բարեկամ ժողովուրդներ են, իսկ վեճի մասնակից «հայ և եզդի հարևաններն արդեն հաշտվել են»:
Հակառակ այդ պնդումներին, այսօր հրապարակված նամակի հեղինակները նշում են, որ հայերի և եզդիների միջև ազգամիջյան կռիվը հերքվեց «հանուն մեր սուտի եղբայրության»:
«Մենք համաձայն ենք, որ եղբայր ենք հայերի հետ և մի ընտանիք ենք, սակայն երբ ընտանիքում վեճեր են լինում, այն ոչ թե պետք է «ծածկադմփոց» արվի, ինչպես արեց Ազիզ Թամոյանը, այլ պետք է քննարկվի, և վերացվեն այդ վեճի պատճառները: Իսկ «ծածկադմփոց» անելով` մենք միայն մեծացնում ենք այդ խնդիրը, և կգա մի ժամանակ, որ չենք կարողանա վերահսկել իրավիճակը: Եզդիների և հայերի միջև իրականում բազմաթիվ տարաձայնություններ կան, որը պետք է հանձնվի հասարակության լայն քննարկմանը», – գրում են նամակի հեղինակները` չմանրամասնելով, թե որոնք են հայերի և եզդիների միջև տարաձայնությունների պատճառները:
Նրանք հավելում են, որ կստեղծեն եզդիական հասարակական կազմակերպություն, որը լրջորեն կզբաղվի եզդիների խնդիրներով:
Լուսանկարը` http://yezdistan.blogspot.com