հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՀՀ նախագահը թույլ չի տալիս, որ գործը բացահայտվի, ասում է զոհված զինծառայողի հայրը

ՀՀ նախագահը թույլ չի տալիս, որ գործը բացահայտվի, ասում է զոհված զինծառայողի հայրը

2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի գործը չի բացահայտվում, որովհետև Հանրապետության նախագահը չի ցանկանում: Այս մասին ասել է  Տիգրանի հայրը` Սուրեն Օհանջանյանը, Սևանի կայազորի զինվորական դատախազության նախկին ավագ դատախազ Գնել Մանուկյանի դեմ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում իր կողմից ներկայացրած հայցի քննությունից հետո:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, դատական նիստի ընթացքում հայցվորի պաշտպան Սեդա Սաֆարյանը հիմնավորեց և մանրամասներ ներկայացրեց Տիգրան Օհանջնյանի գործով դատախազ Գնել Մանուկյանի թույլ տված բազմաթիվ օրինախախտումների մասին և համապատասխան փաստաթղթերը ներկայացրեց դատարանին և պատասխանող կողմին:

Պատասխանող կողմից ելույթ ունեցավ դատախազ Կարեն Հարությունյանը` անդրադառնալով կատարված դատավարական գործողություններին և բողոքին:

«Երբ ինձ բողոք է մակագրվել, դա բացառապես վերբերել է իմ դատավարական ղեկավարման տակ գտնվող գործին, որի նախաքննությունը կատարել է քննիչ Լևոն Պետրոսյանը: Ավելացնեմ նաև, որ այժմ գործը գտնվում է նախաքննական փուլում, ինչպես փորձաքննություններ են նշանակվում, այնպես էլ հարցաքննություններ, օպերատիվ հետախուզություններ են կատարվում», – ասել է դատախազը:

Երբ դատավոր Աիդա Հովհաննիսյանը ցանկացավ տեսնել գրավոր պատասխանը, դատախազը հայտարարեց, որ այդ պահին չունի գրավոր պատասխան:

«Սա համարեք իմ պատասխանը», – նշեց Հարությունյանը:

Դատավորն ի պատասխան ասաց, որ Հարությունյանը որևէ հիմնավոր և լիարժեք պատասխան չի տվել:

«Ձեզ ի՞նչ ա կոնկրետ պետք, խնդրում եմ` մատնանշեք, և ես կներկայացնեմ, որորվհետև տարբեր դատարաններ տարբեր փաստաթղթեր են պահանջում, Ձեզ կոնկրետ ի՞նչ ա պետք, ի՞նչ ա նշանակում` ոչ լիարժեք, ի՞նչ կցանկանայիք ձեռքի տակ ունենալ»,- հարցեց դատախազը:

Այդ պահին հայցվորի պաշտպանը միջամտեց զրույցին` նշելով, որ դատարանում չի քննվում Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքները, այլ նրա գործով դատախազ Գնել Մանուկյանի գործողություններն են կասկածի տակ դրվել:

«Պետք է ասեք` այդ դիմումն ընդունե՞լ եք, թե` ոչ, և եթե ընդունել եք` ասեք, որ հոդվածով եք ղեկավարվել, որ դատախազության աշխատողի հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու մասին դիմումն ընդունել եք»,- հարցրեց Սաֆարյանը:

Դատախազը ոչինչ չպատասխանեց փաստաբանի հարցին:

Իր հերթին, քննիչ Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը Հատուկ Քննչական ծառայության քննիչի լիազորություններով օժտված պաշտոնատար անձ չի հանդիսանում, այլ ՀՀ Պաշտպանության նախարարության քննիչ է, և ՀՀ դատախազության աշխատակցի վերաբերյալ նյութերի պատրաստումն իր լիազորություններից դուրս է:

«Ինչ վերաբերում է Տիգրան Օհանջանյանի գործին, հարգելի դատարան, եթե Դուք ասեք, ինչ նյութեր են Ձեզ անհրաժեշտ, ես կներկայացնեմ»,- ասաց քննիչը:

Սեդա Սաֆարյանն առարկությամբ հանդես եկավ, և հայտարարեց, որ կողմերը տարբեր բաների մասին են խոսում:

«Եթե նյութեր չեք պատրաստել Գնել Մանուկյանի դեմ, իրավասու չեք եղել, ինչի՞ հետ չեք տվել Հատուկ քննչականին, եթե գտել եք, որ Դուք պետք է պատասխանեք, ինչո՞ւ նյութեր չեք պատրաստել: Մենք ասում ենք` պարզեք, Գնել Մանուկյանը պաշտոնական լիազորությունների չարաշահում կատարել է, թե ոչ»,- կրկին խոսք վերցրեց փաստաբանը:

Դրանից հետո դատավորը հայտարարեց, որ պատասխանող կողմի գրավոր պարզաբանումների և պատասխանների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվում է մինչև սույն թվականի սեպտեմբերի 8-ը` ժամը 11:00, և պահանջեց մինչ այդ դատական նիստը ներկայացնել գրավոր փաստաթղթերը:

Նիստի ավարտից հետո դատախազն ու քննիչը շատ արագ հեռացան դատարանի դահլիճից, քանի որ նիստին ներկա սպանված զինվորների հարազատները բարձր ձայնով բազմաթիվ մեղադրանքներ էին հնչեցնում նրանց հասցեին:

«Դուք ձեր պապաների զանգին եք սպասում… ո՞ւր ես փախնում… տենց բան չեն ասում, բայց դուք էլ եք մեր էրեխեքի բախտին արժանանալու, ձեր էրեխեքն էլ», – գոռում էին Տիգրան Օհանջանյանի հարազատները:

Դատարանի շենքից դուրս գալուց հետո Epress.am-ի հետ զրույցում Սուրեն Օհանջանյանն իր կարծիքն է հայտնել այսօրվա դատավարության մասին:

«Իրենք գործը ուրիշ ուղղությամբ են տանում, որովհետև Հանրապետության նախագահը չի թույլատրում, որ մեր գործը բացահայտվի, հանցագործության գլխին կանգնած են նախագահի զինակիցները, նա պարտավոր ա նրանց պահել, որովհետև նրանք են իրան հաց տալիս, նրանք են իրան ընտրում, ամբողջը Հանրապետության նախագահն ա մեղավոր»,-ասել է Տիգրան Օհանջանյանի հայրը:

Հիշեցնենք, որ 2007թ. օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով 2010 թվականի հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանը վճիռ էր կայացրել, համաձայն որի ապացույցներ չլինելու պատճառով արդարացվել են մեղադրյալներ Ռուստամ Ասատրյանը և Կարեն Թովմասյանը: Դրանից հետո քրեական գործը 366 հոդվածով հետ էր ուղարկվել Զինվորական դատախազություն` նոր անձի նկատմամբ նոր քննություն սկսելու:

Նախնական պաշտոնական վարկածով` Տիգրան Օհանջանյանը հպվել է ալեհավաքի ամրալարերին ու հոսանքահարվել: Ըստ զոհված զինվորի ծնողների` իրենց որդու մահվան մեջ մեղավոր է սպայական անձնակազմը: