Երևանի Նոր Նորք թաղամասի Վիշապների պուրակում կառուցապատում չի իրականացվելու, որի առիթով տոն է կազմակերպվելու: Այս մասին հաղորդում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:
«Մեկ տարի տևած համառ պայքարից հետո Նոր Նորքի բնակիչները վերջապես հաղթանակ տարան` պահպանելով Վիշապների պուրակը և փրկելով այն բարձրահարկ շենքով կառուցապատումից: Այս քաղաքացիական հաղթանակը հնարավոր դարձավ հատկապես տեղի բնակիչների վճռականության, ակտիվ երիտասարդների ու բնապահպանների, ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ստեփան Սաֆարյանի և շատ ու շատ այլ մտահոգ քաղաքացիների շնորհիվ», – նշում են նախաձեռնության անդամները տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնությունը օգոստոսի 27-ին, ժամը 17:00-ին, Վիշապների պուրակին կից ապրող բնակիչների հետ տոն է կազմակերպում «այգու փրկության կապակցությամբ»: Կազմակերպիչները բոլորին հրավիրում են տոնին մասնակցելու:
Հիշեցնենք, որ Վիշապտների պուրակում կառուցապատման աշխատանքներ էին սկսվել նախորդ տարվա նոյեմբերին, սակայն ակտիվիստները պարզել էին, որ շինարարները չունեն բնապահպանական մարմնի դրական եզրակացությունը: Դրանից հետո իրենք մաքրել են այգին շինհրապարակիցանկապատներից, իսկ այս տարվա գարնանը բնակիչների հետ միասին դատական հայց են ներկայացրել` բողոքարկելով կառուցապատման որոշումը: Ամռանը Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել պահպանել Վիշապների պուրակը: