Կրթության և գիտության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել և հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ:
«Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջև», – նշում է ՄԻ պաշտպանի գրասենյակը:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրության ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ընդունել է, որ հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ևանցկացման իրավական հիմքերը, այդ թվում շահերի բախումը բացառելու երաշխիքները, ներկայումսհստակ կանոնակարգված չեն:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն առաջարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը «մշակել և օրենքով ամրագրել համապատասխան ընթացակարգեր, որոնք կվերացնեն և կբացառեն կոռուպցիոն ռիսկերը նշված գործընթացներում»:
Միևնույն ժամանակ, օմբուդսմենն առաջարկվում է անվավեր ճանաչել արդեն իսկ անցկացված մրցույթի արդյունքները՝ մարդու խախտված իրավունքը վերականգնելու և նրա համար մրցութային հավասար պայմաններ ապահովելու նպատակով: