ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փորձում է էժան որակումներով և խիստ պաշտպանական նախահարձակմամբ վնասել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին: Այս մասին ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, որով վերջինս արձագանքել է ԿԳՆ-ի կողմից գրասենյակի հասցեին հնչեցված մեղադրաննքերին:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր, որ ԿԳՆ-ն հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել և հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը:
Ի պատասխան այդ հայտարարության` նախարարությունը նշել էր, որ ՄԻՊ-ի գրասենյակի հայտարարությունն իր մեջ պարունակում է իրականությանը չհամապատասխանող, «ոչ ճշգրիտ և ոչ պրոֆեսիոնալ որակումներ»:
Ըստ նախարարության` օմբուդսմենի գրասենյակը, հավանաբար, նկատի է ունեցել «Հանրահաշիվ 7-9 դասարանների համար» դասագիրքը, որի մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության «Просвещение» հրատարակչության Ս. Մ. Նիկոլսկու դասագիրքը, ով չէր կարող լինել Հայաստանում դասագրքերի մրցութային հանձնաժողովի անդամ:
«Փաստենք, որ արհեստավարժության կոչերով հանդես եկողները կամ ընդամենը փորձում են հասարակությանը մոլորեցնել պարզամիտ հնարքներով, կամ իսկապես տեղյակ չեն, որ «մաթեմատիկա» հասկացությունը բաղկացած է երկրաչափությունից, մաթեմատիկական անալիզից, ինչպես նաև հանրահաշվից», – ասված է ՄԻՊ գրասենյակի պատասխան նամակում:
Ըստ նամակի` ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է ուղարկվել իրավախախտում հայտնաբերելու վերաբերյալ որոշում, որտեղ շատ հստակ ներկայացվել են նախարարության կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ մանրամասները, դեպքի հանգամանքները և իրավական հիմնավորումները:
«Այդ որոշումից որպես սեղմագիր հանրությանն է ներկայացվել իրավախախտման համառոտ նկարագիրը: Հանրությանն ավելորդ չծանրաբեռնելով այն հանգամանքով, թե մրցույթը հանրահաշվի, երկրաչափության, թե ընդհանուր մաթեմատիկայի դասագրքի վերաբերյալ է՝ մամլո հաղորդագրության մեջ նշվել է «մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքի» մասին: Հատուկ չի մասնավորեցվել, որ շահերի բախում ունեցող մրցութային հանձնաժողովի անդամը եղել է հաղթած գրքի խմբագիրը, այլ նշվել է «հանձնաժողովի անդամի գիրքը»: Համառոտ հաղորդագրությունը նպատակ է ունեցել հանրությանը բացառապես տեղեկացնել սխալ անցկացված մրցույթի, շահերի բախման և նախարարության ոչ իրավաչափ գործողությունների մասին», – ասված է նամակում:
Նամակի վերջում ՄԻՊ գրասենյակը խորհուրդ է տալիս ԿԳՆ նախարարին սեփական սխալները ընդունել ոչ միայն պաշտոնական գրություններում, այլև հրապարակայնորեն: