Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի բնակարանային համալիր ներխուժած ապստամբները բազմաթիվ այլ հետաքրքրաշարժ իրերի հետ մեկտեղ գտել են նկարների ալբոմ, որում զետեղված են եղել 2005-2009 թվականներին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի լուսանկարները:
Քադաֆիի պալատներում հայտնված լիբիացիներին ապշեցրել են իրենց առաջնորդի հարստության ծավալները, սակայն թերևս ամենազարմանալին հենց ԱՄՆ պետքարտուղարին նկարներով ալբոմն էր, գրում է Daily Mail-ը:
Քադաֆին երբեք չի թաքցրել իր հիացմունքը Քոնդոլիզա Ռայսի նկատմամբ:
2007 թվականին «Ալ Ջազիրայի» հետ զրույցում նա ասել էր .«Ես սատարում եմ իմ սիրելի սևամորթ աֆրոամերիկացի կնոջը: Ես հիանում եմ նրանով, և հպարտանում եմ նրանով, թե ինչպես է նա վստահորեն հետ նստում և հրամաններ տալիս արաբ առաջնորդներին: …Լիիզա, Լիիզա, Լիիզա…Ես նրան շատ եմ սիրում: Հիանում եմ նրանով, և հպարտանում, որովհետև նա աֆրիկական ծագում ունեցող սևամորթ կին է»:
Հաջորդ տարի Քադաֆին և Ռայսը հնարավորություն ունեցան հանդիպել, երբ ԱՄՆ պետքարտուղարը պատմական այցով ժամանեց Լիբիա, ինչի շնորհիվ կարգավորվեցին ԱՄՆ-ի հետ Լիբիայի հարաբերությունները:
Այցելության ընթացքում Քադաֆին Ռայսին ադամանդե մատանի էր նվիրել, մեդալյոն, որի ներսում իր պատկերն է փորագրված եղել, ինչպես նաև իր անձնական «Կանաչ գիրք» քաղաքական մանիֆեստը:
Բոլոր նվերները միասին 212 հազար դոլար արժողություն են ունեցել:
Հարկ է նշել, որ Քադաֆիի այս համալիրը գրաված ապստամբներն ապշել են դրա ճոխությունից և հարստությունից: Բոլոր պատերին թանկարժեք կտավներ կան, իսկ սենյակները կահավորված են 14-րդ դարի կահույքով:
Լիբիայի առաջնորդի համալիր ներխուժած ապստամբներից մեկը ասել է լրագրողներին. «Լիբիայի երեխաները մանկություն չունեն: Քադաֆին խորտակել է նրանց կյանքը: Իսկ իր երեխաներն ու ընտանքն ամեն ինչ ունեն»:
Նշենք, որ Քադաֆին դեռևս չի ցանկանում հանձնվել և նրա հավատարիմ ուժերը շարունակում են քաղաքի տարբեր հատվածներում պայքար մղել ապստամբների դեմ: