Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն պաշտոնանկության վտանգի առջև է կանգնել Լիբիայի իրադարձությունների ընթացքում որդեգրած դիրքորոշման համար, հայտնում է Spiegel-ը: Պարբերականի տեղեկություններով` ներկայումս Վեսթերվելեն դիտարկում է ԱԳ նախարարի պաշտոնը լքելու հնարավորությունը: Վեսթերվելլեի հնարավոր հետնորդի դերում տեսնում են նրա կուսակից Վերներ Հոյերին:
Վեսթերվելլեն ենթարկվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Անգելա Մերկելի կոալիցիոն իշխանության խիստ քննադատությանը, քանի որ հրաժարվել էր ընդունել, որ Լիբիայի ապստամբների հաղթանակը պայմանավորված էր ՆԱՏՕ-ի աջակցությամբ: Փոխարենը` նախարարն ընդգծել էր Քադաֆիի ռեժիմի դեմ կիրառված պատժամիջոցների դերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիան ձեռնպահ էր մնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձևի օգտին քվեարկելուց, որով նախատեսվում էր ռազմաօդային հարվածներ հասցնել ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Լիբիայի օդային տարածքում, ինչը գործնականում ենթադրում էր ապստամբների պաշտպանությունն օդից և Քադաֆիին հավատարիմ ուժերի ռմբակոծումը: Գերմանիայի բացակայության պայմաններում, ռազմական գործողությունների իրականացման հիմնական ծախսերը մնացին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի պատասխանատվության տակ: