21-րդ դարում աղքատություն ունենալն անթույլատրելի է, Ծաղկաձորում ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի հասարակական սեկտորը ներկայացնող անդամների, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով` վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանն արձանագրել է լուրջ առաջընթաց, բայց 2009-2010 թթ. ունեցավ նահանջ, քանի որ տեղի ունեցավ լրջագույն տնտեսական անկում, ինչի պատճառով Հայաստանի բնակչության եկամուտները նվազեցին, և դրան զուգահեռ սոցիալական վիճակը վատթարացավ:
«Մեր հակաճգնաժամային ծրագրի բովանդակությունը հետևյալն է. չնայած այն հանգամանքին, որ ունեցանք տնտեսական անկում և պետական եկամուտների կտրուկ նվազում, մենք ոչ միայն չպետք է կրճատեինք պետության սոցիալական ծրագրերը, այլ հակառակը՝ պետք է ավելացնեինք դրանք: Չնայած ունեցանք 14 տոկոսանոց տնտեսական անկում, բարձրացրեցինք թոշակները, անապահով խավերի սոցիալական նպաստները, որպեսզի ավելացնենք նրանց դիմադրողականությունը, որպեսզի նրանք կարողանան այդ ճգնաժամային իրավիճակն ավելի հեշտությամբ հաղթահարել», – ասել է վարչապետը:
Ըստ նրա` գնաճը 2009-2010 թթ. Հայաստանի Հանրապետությունում աղքատության խորացման երկրորդ պատճառն էր. «Մենք ունեցանք գների աննախադեպ բարձր մակարդակ: Մեզ համար մշտապես թիրախային ցուցանիշը եղել է 3 տոկոսանոց գնաճը, իսկ ճգնաժամային տարիներին ունեցանք գնաճի երեք անգամ ավելի բարձր ցուցանիշ, որը հասավ մինչև 10 տոկոսի: Այսօր իրականացնում ենք մի քաղաքականություն, որի նպատակն է խթանել տնտեսական աճը, դիվերսիֆիկացնել տնտեսությունը, իսկ մյուս կողմից՝ զսպել գնաճը: Արդեն իսկ ունենք այս տարվա առաջին յոթ ամիսների ինֆլյացիոն ցուցանիշները, որոնք վկայում են, որ մենք արդեն բարձր գնաճային փուլից տեղափոխվում ենք միջին գնաճային փուլ և մեզ կհաջողվի այս տարի ունենալ 5 տոկոսանոց գնաճ, որը երկու անգամ ավելի ցածր կլինի նախորդ տարվա գնաճից, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի՝ 2012թ. գնաճի դեմ պայքարելու համար: Մյուս կողմից, այս տարի կանխատեսում ենք 4,6 տոկոսանոց տնտեսական աճ և, բնականաբար, այն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի աղքատության կրճատման համար», – ասել է Տիգրան Սարգսյանը: