ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է օգոստոսի 30-31-ին անցկացվող ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, իր խոսքում Սերժ Սարգսյանը նշել է, որ այս տարի աշխարհն ականատես եղավ, թե ինչպես Հարավային Սուդանը, տասնամյակներ տևած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը` հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը ևս մեկ նախադեպով:
«Արցախի պարագայում այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է, չնայած այսօր դեռևս չեմ կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին:
Մեր հստակ դիրքորոշմամբ և վստահելի կեցվածքով, մեր մտահոգությունների պատճառաբանվածությամբ և անհրաժեշտ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ մենք հասել ենք նրան, որ միջազգային հանրությունը ընդունում է մեր մոտեցումները` որպես առավել իրատեսական և խաղաղությանը նպաստող: Դրա մասին են վկայում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված բարձր մակարդակի հայտարարությունները: Հստակ է նաև, թե ում են հասցեագրված դրանցում պարունակվող ուղերձները: Ամռանը հասել էինք մի կարևոր հանգրվանի, երբ թե՛ միջնորդ երկրները, և թե՛ միջազգային հանրությունն ակնկալում էին, որ խնդրի կարգավորման առնվազն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը մոտ է: Այդ առումով կազանյան հանդիպումը յուրատեսակ փորձաքար էր հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով և հնարավորինս արագ կարգավորելու կողմերի անկեղծությունն ու հաստատակամությունը գնահատելու համար: Ինչպես տեսանք, Ադրբեջանը Կազանում հետքայլ կատարեց՝ հրաժարվելով ընդհանուր հայտարարի գալուց և նոր խոչընդոտներ ստեղծելով հետագա համաձայնության համար:», – ասել է ՀՀ նախագահը:
Սարգսյանի խոսքով` անկախ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծից, Հայաստանը, ինչպես և նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ:
«Այդուհանդերձ, թող ոչ ոք չկասկածի մեր դիրքորոշման հաստատակամությանը և հստակությանը. մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել: Համոզված եմ, որ շատերդ եք կիսում այն եզրահանգումը, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության, քանի որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել` պատերազմ քարոզելով, հաշտեցնել հասարակություններին` հայատյացություն սերմանելով, վստահություն կառուցել` սպառազինության մրցավազք հրահրելով: Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, և մեր քայլերը կլինեն համարժեք: Համոզված եղեք` նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել», – հայտարարել է Սարգսյանը: